Հայաստանը գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում, ինչը և՛ հնարավորություն է, և՛ ռիսկ Հայաստանի համար։ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովում ասել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։
«Անվտանգությունը միշտ արդիական խնդիր է։ Մեր ներկայիս անվտանգության միջավայրում սպառնալիքները վերաբերում են պետության և հասարակության բոլոր ոլորտներին։ Ավանդական ռազմական սպառնալիքները մնում են իրականություն, բայց պետություններն ու նրանց քաղաքացիներն այժմ ստիպված են դիմակայել կիբեռհարձակումներին, ապատեղեկատվական արշավներին, տնտեսական հարկադրանքին, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումներին և մատակարարման շղթայի խափանումներին»,- ասաց դեսպանը։
«Հայաստանի հասարակության և հաստատությունների ներուժի արդյունավետ օգտագործումը վճռորոշ նշանակություն կունենա անվտանգության և դիմակայունության ապահովման համապարփակ մոտեցման իրականացման գործընթացում։ Այս համաժողովը դրա վառ օրինակն է. այն համախմբում է տարբեր նախարարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի փորձագետների, ինչպես նաև միջազգային գործընկերների։ Մենք կքննարկենք մարտահրավերներն ու հնարավորությունները։ Անվտանգությունն ու ժողովրդավարական արժեքները փոխադարձաբար ամրապնդվում են: Հայաստանը մնում է դրական, բայց անկայուն դիրքում՝ առաջընթաց գրանցելով երկարատև խաղաղության ուղղությամբ, միաժամանակ բախվելով արտաքին ճնշման: Այս համատեքստում հաշվետվողականության, հանրային վստահության և ինստիտուցիոնալ որակի ապահովումը դառնում է ազգային անվտանգության առաջնահերթություն»,- ասաց Քոուլը:
«Մեծ Բրիտանիան, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, շարունակում է աջակցել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա օգտվել խաղաղության ընձեռած հնարավորություններից և ամրապնդել իր ազգային կայունությունը՝ աշխարհում գնալով ավելացող անորոշությունների պայմաններում։ Մեծ Բրիտանիան ևս մշակում է պաշտպանության ոլորտում հասարակության լայն ներգրավվածության վրա հիմնված սեփական մոտեցումը. մեզ համար սա դեռևս համեմատաբար նոր ռազմավարություն է։ Կարծում եմ՝ կարելի է վստահորեն ասել, որ մենք մեծ փորձառություն ունենք այդ ոլորտում՝ բազմաթիվ սպառնալիքների զսպման և դիմակայունության ապահովման առումով։ Հենց այդ պատճառով էլ այսօրվա մեր հանդիպման առանցքում փորձի փոխանակումն է։ Կարծում եմ՝ մենք կարող ենք սովորել միմյանցից»,- նշեց դիվանագետ
0 Comments