«Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան»։ Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների վերաբերյալ հարցին։ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական։
«Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է։ Դուք ինձ լավ եք ճանաչում։ Կարող եմ հիմա ինչ-որ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք բոլորս մի 15 րոպե լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ։ Խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ցույց տալ ու ի ցույց դնել»,- ասաց Սիմոնյանը, իսկ հարցին թե արդյոք խնամքը պետք է ցուցաբերի միայն հայկական կողմը, Սիմոնյանը նշեց, որ ինքը պատասխանատու չէ ադրբեջանական կողմի գործողությունների համար և չի էլ ցանկանում լինել։
«Մենք ոչ իրենց աչքն ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ոչ էլ իրենք մեր աչքն ունեն՝ տեսնելու»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարը չհերքեց, որ կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ և այդ հարցի շուրջ խոսել է նրանց ներկայացուցիչների հետ։
«Այո՛, խոսել եմ։ Մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ։ Ես ձեզ ասում եմ՝ կա իրենց տեսակետը, և կա մերը։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ այդ տեսակետները չբերել, և չբախվեն մեկը մյուսին։ Հիմա ձեզ թվում է, որ մենք մտնենք այդ խոսակցությունների մեջ, ձեր կարծիքով՝ ո՞ւր է տանելու մեզ այդ խոսակցությունը։ Այսինքն՝ մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված»,- ասաց Սիմոնյանը։
0 Comments