Առողջապահության նախարարությունն ու ՆԳՆ–ն հաղորդագրություններ են տարածել նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված տղամարդու ինքնասպանության դեպքի մասին։
«Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր եւ գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»,-պարզաբանել է ՆԳՆ–ն։
Իր հերթին առողջապահության նախարարությունը պարզաբանել է. «Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին եւ իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումներ, սակայն բուժառուի կյանքը փրկել չի հաջողվել։
Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող բուժառուի հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։
Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից»։
Factor.am-ն տեղեկացնում է, որ ինքնասպան եղած անձը Արմեն Հովհաննիսյանն է, որը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար։ Նույն աղբյուրի համաձայն, Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: Ըստ ՔԿ-ի՝ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
0 Comments