Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Երեւանը պետք է «հնարավորինս շուտ կողմնորոշվի» ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանում այս թեմայով հանրաքվե անցկացնելը տրամաբանական կլինի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը։
«Օրինակ, մեր առեւտրաշրջանառությունը Հայաստանի հետ նվազել է։ Անցյալ տարի եւ դրանից առաջ այն շատ ավելի բարձր էր, 7 միլիարդ դոլար՝ մինչեւ 2025 թվականը։ Հաշվի առնելով, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, դա զգալի թիվ է։ Եվ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային եւ այլ տուրքերին, նաեւ միգրացիոն ոլորտին։ Եվ իմ կարծիքով, ճիշտ կլինի եւ՛ Հայաստանի քաղաքացիների, եւ՛ մեզ համար՝ որպես նրանց հիմնական տնտեսական գործընկերոջ, որ հնարավորինս շուտ որոշում կայացնեն»,- ասել է Պուտինը։
Օրինակ, կարող է անցկացվել հանրաքվե, ասել է ՌԴ նախագահը։
«Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հայ քաղաքացիներին հարցնել, թե ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Այնուհետեւ մենք կանեինք համապատասխան եզրակացություններ եւ կձգտեինք մեղմ, խելացի եւ փոխշահավետ «բաժանման», -ասել է նա։
0 Comments