2025 թվականի հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի հայտարարություն, թվում էր, որ այն արձագանք պիտի գտներ թե՛ հանրային, եւ թե՛ մասնագիտական շրջանակներում, եւ նույնիսկ ցանկացած մտածող մարդու մոտ, քանի որ հայտարարության բովանդակությունն իրավական, սահմանադրական ու պետական-եկեղեցական հարաբերությունների տեսանկյունից առաջ է բերում մի շարք մտահոգիչ եւ վտանգավոր եզրեր։
Չխոսենք նաեւ այն մասին, որ բացարձակ անորոշություն կա թե ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ կազմով է տեղի ունեցել Գերագույն Հոգեւոր Խորհրդի նիստը։ Ուստի հայտարարությունը ակնհայտ կասկածի տեղիք է տալիս՝ արդյո՞ք այն արտահայտում է հավաքական խորհրդի որոշումը, թե՞ պարզապես գրվել է որեւէ մեկի գրասենյակում՝ չբխելով կանոնակարգված եկեղեցական նիստի ընթացակարգից։ Ցանկության դեպքում, ոճաբաններն, կարող են համեմատական վերլուծությամբ պարզել՝ արդյո՞ք այս հայտարարության լեզվաոճական հատկանիշները համընկնում են նախորդ նմանատիպ նյութերի հեղինակների ձեռագրի հետ (հայտարարության ոճաբանական կառուցվածքն ակնհայտորեն մատնում է հեղինակի ինքնությունը)։ Առավել եւս Գերագույն Հոգեւոր Խորհրդի նիստը մասնակիցների վերաբերյալ որեւէ տեղեկատվության բացակայությունը հավելյալ մթնշաղ է գցում այդ մարմնի որոշումների լեգիտիմության վրա։
Ավելին՝ արդեն իսկ նախորդիվ անդրադարձել ենք Գերագույն Հոգեւոր Խորհրդի անցյալ ու ներկայիս կազմի լեգիտիմության հարցին։ Համաձայն երջանկահիշատակ Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հրապարակային դիրքորոշման՝ այդ խորհուրդը ձեւավորվել է առանց Ազգային եկեղեցական ժողովի, թեմերի եւ համայնքների գործուն մասնակցության ու հավանության, ինչը այնպիսի ինստիտուցիոնալ խախտում է, որ Պատրիարք Մեսրոպը բացահայտորեն հանդես էր եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին գրված բաց նամակով՝ հայտարարելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի կազմի ոչ կանոնական բնույթի մասին։
Հուսկ, նման պարագայում ցանկացած պաշտոնական հայտարարություն, եթե այն բխում է փաստացի լեգիտիմություն չունեցող մարմնից, չի կարող ներկայացվել որպես ամբողջ Եկեղեցու խոսք կամ դիրքորոշում։ Այդ հայտարարությունը, դրանով իսկ, զրկվում է բարոյա-հոգեւոր եւ իրավական վստահելիությունից։
Մայր Աթոռի վերջին շրջանի հայտարարություններին ականջալուր ու ականատես լինելով, ակնհայտ է դառնում մտահոգիչ օրինաչափություն՝ գրեթե բոլոր արձագանքներում ձեւակերպվում են պնդումներ, որոնք ուղղակիորեն կասկածի տակ են դնում ՀՀ իրավապահ մարմինների գործողությունների լեգիտիմությունը։ Սա հատկապես վտանգավոր է այն առումով, որ երբ իրավական գործընթացները դեռ ընթացքի մեջ են, բայց Մայր Աթոռը ոչ միայն կողմնակալ պաշտպանություն է ցուցաբերում կոնկրետ անձի նկատմամբ, այլեւ հրապարական ոճով ազդում է գործի ընթացքի վրա՝ հենվելով ոչ թե իրավական փաստարկների, այլ զգայական եւ քաղաքական ենթատեքստերի վրա։ Նման գործելաոճը անթույլատրելի է թե՛ եկեղեցական արժանապատվության, եւ թե՛ սահմանադրական կարգի պահպանության տեսանկյունից։
Հիշեցնե՛նք, որ 17-րդ հոդվածը հստակ սահմանում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Սակայն Մայր Աթոռը եւ հայտարարության հեղինակը՝ այս դեպքում իբր թե Գերագույն Հոգեւոր Խորհրդը, իրենց խոսքում հստակորեն պաշտպանում են «սառեցված» Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, նախքան դատարանի կողմից որեւէ օրինական որոշման կայացումը։ Նշենք նաեւ, որ նախորդիվ նույն ոճով պաշտպանվում էր Սամվել Կարապետյանը, ով նույնպես կալանավորված է եւ իրավական գործընթացները դեռ ընթացքի մեջ են։ Սա ինքնին հակասում է ոչ միայն իրավունքի գերակայության, այլեւ քրեական դատավարության հիմնարար սկզբունքներին եւ կարող է իրավական հարթության մեջ դիտարկվել որպես հրապարակային միջամտություն արդարադատությանն ու հասարակական կարծիքի ձեւավորմանը։
Անհերքելի է նաեւ այն հանգամանքը, որ այս հայտարարությունը արվում է զգայուն քաղաքական գործընթացների խորապատկերին՝ այն պահին, երբ իրավապահ մարմինները վարում են նախաքննություն ահաբեկչական գործողության միջոցով իշխանության յուրացման՝ պետական հեղաշրջման նախապատրաստման վերաբերյալ։ Սա որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես «հակաեկեղեցական արշավ» կամ «դատապարտելի դիտավորություն», ինչպես օգտագործված է հայտարարության մեջ, այլ՝ որպես իրավական գործընթաց՝ ըստ պետության կողմից ստանձնած Սահմանադրական պարտականությունների։ Իսկ այն, որ եկեղեցին նման ծանր պահի քաղաքական գնահատական է տալիս ու հրապարակավ իր համակրանքը հայտնում նախաքննության փուլում գտնվող անձանց, փաստացի նշանակում է քաղաքական ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա՝ խախտելով իշխանությունների տարանջատման եւ պետականության կայունության սկզբունքը։
Հայտարարության իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա մեջ բացակայում են հստակ իրավաբանական փաստարկները։ Ցանկացած դատողություն ներկայացված է որպես ընդհանրական պնդում՝ առանց հղում կատարելու ՀՀ օրենքի որեւէ հոդվածի կամ փաստական հիմքի։ Այսպիսի մոտեցումն առավել բնորոշ է քաղաքական կամ քարոզչական հռչակագրերին, քան պաշտոնական հոգեւոր մարմնի արտահայտությանը։ Հաշվի առնելով այդ փաստը՝ դժվար է ընդունել այս հայտարարությունը որպես հավասարակշռված եւ իրավական առումով հիմնավորված դիրքորոշում։
Այս ամենին գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ հայտարարությունը հեղինակել է մի մարմին, որի լեգիտիմության հարցը լրջորեն վիճարկվել է՝ ներառյալ բարձրաստիճան եկեղեցականի՝ լուսահոգի Պատրիարքի կողմից, ապա անհրաժեշտություն է առաջանում հանրության ու պետության մակարդակով վերագնահատելու Եկեղեցու ներգրավվածության չափերն ու ձեւերը հանրային կյանքի մեջ։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր, հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է իրավական, հոգեւոր եւ քաղաքացիական ինստիտուտների վերաձեւավորման սահմանագծին։
Այս վերաձեւավորումը չի կարող տեղի ունենալ առանց նոր իրավաքաղաքական եւ բարոյական կանոնակարգի հաստատման՝ հիմնված պատասխանատվության, իրավունքի գերակայության եւ հանրային վստահության վրա։
Եկեղեցին, եթե ցանկանում է շարունակել իր պատմական առաքելությունը, պարտավոր է լինել իրավական պետության հավասարազոր գործընկեր, այլ ոչ թե նրա հաշվին ինքնահաստատվող, ազդեցիկ խոսող, բայց՝ ոչ հաշվետու ուժ։
Հ․Գ․ Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հրապարակած այսպիսի հայտարարությունը հնարավոր է եւ կարող է առաջացնել ոչ միայն հանրային-քաղաքական արձագանք, այլեւ կոնկրետ իրավական եւ քրեական հետեւանքներ։
ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 332-ը («Արդարադատությանը խոչընդոտելը») նախատեսում է պատասխանատվություն այն դեպքերում, երբ որեւէ գործողություն դիտվում է որպես փորձ՝ ազդելու նախաքննություն կամ դատաքննություն իրականացնող մարմինների վրա, ճնշում գործադրելու, ընթացքը խաթարելու նպատակով։ Նույն հոդվածի կիրառելիությունը կարող է հաստատվել, եթե փաստացի պարզվի, որ հայտարարությունը նպատակ է ունեցել ազդել իրավապահ մարմինների գործողությունների վրա՝ կանխորոշելով կամ հասարակության աչքում վարկաբեկելով դրանց լեգիտիմությունը։ Եթե, օրինակ, հայտարարության միջոցով փորձ է արվել կանխել իրավապահ մարմնի գործողությունը «հակաեկեղեցական» պիտակավորելով այն, ապա իրավաբանորեն սա կարող է մեկնաբանվել որպես միջամտություն արդարադատությանը։
Բացի այդ, հնարավոր է նաեւ հոդված 450-ի («Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք») կիրառումը, եթե գնահատվի, որ հրապարակային հայտարարությամբ Մայր Աթոռը փորձել է խաթարել դատարանի անկախության ընկալումը հանրության մոտ։ Օրինակ՝ եթե հայտարարությունը ուղեկցվում է ուղղակի կամ անուղղակի ձեւով դատավորի, դատախազի կամ այլ պաշտոնատար անձի հասցեին մեղադրանքներով՝ առանց դատական որոշման կամ օրինական հիմքի, դա կարող է ընկալվել որպես դատարանի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։
Այս ամենից բացի, նույնիսկ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի (զրպարտություն եւ վիրավորանք) հիմքով կարող են բողոք ներկայացնել իրավապահ մարմինները կամ առանձին պաշտոնյաներ՝ եթե հայտարարության մեջ առկա են վարկաբեկող ձեւակերպումներ, որոնք չունեն փաստական կամ իրավական հիմնավորում։
Այսպիսով, նույնիսկ արտաքինից բարոյական երանգով համեմված այսպիսի հայտարարությունները, երբ ուղղակիորեն ազդում են արդարադատության ընթացքի վրա, կարող են բերել իրավական հետեւանքների՝ սկսած նախազգուշացումից մինչեւ քրեական գործի հարուցում։
Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ
0 Մեկնաբանություն