Սրբազան Հա՛յր, դուք ամաչելու ոչինչ չունեք․ ովքեր պիտի ամաչեին՝ չեն ունեցել ո՛չ ամաչելու կարողությունը, ո՛չ ամոթի զգացումը և ո՛չ էլ բարոյականություն․ բաց նամակ Պարգև Սրբազանին
Սրբազան Հա՛յր,
2024 թվականի փետրվարին Ձեր հարցազրույցներից մեկում հանրությանը հայտնի դարձավ, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված եք եղել մեկնել ԱՄՆ, որտեղ շարունակական բուժում պետք է ստանայիք և սպասեիք սրտի փոխպատվաստման Ձեր հերթին։ Կամենում եմ Ձեզ անկեղծորեն մաղթել շուտափույթ ապաքինում, ամուր առողջություն և հոգեկան խաղաղություն։ Թող Ամենաբարին Աստված Ձեզ ուժ և կարողություն պարգևի՝ այս ծանր և դժվար ժամանակահատվածը հաղթահարելու համար։
Երեկ, թերթելով սոցցանցս, աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ Դուք պարզաբանում էիք համացանցում տարածված մի լուսանկարի մասին, որն օգտագործվել էր Ձեր անունը վարկաբեկելու և հասարակության մեջ մեծ թնջուկ առաջացնելու համար։ Ոմանք փորձել էին կեղծ ու անպատշաճ կերպով կապել Ձեզ ամերիկաբնակ ոմն երգչուհու հետ՝ ստեղծելով կեղծ ու թյուր պատկերացում հանրության շրջանում։
Սակայն, այսու գրությունս և խոսքս բնավ դրա մասին չէ, քանի որ հենց Դուք Ձեր պատասխան տեսանյութով մանրամասն բացատրեցիք իրականությունը և փարատեցիք մարդկանց մոտ ծագած ցանկացած ստվերային կամ երևակայական կասկածները։ Ձեր ազնվությունը և հստակությունը օրինակելի են և արժանի գնահատանքի։ Ցավալի իրականություն է, որ նման ազնիվ մոտեցումն ու հավատացյալի հանդեպ հոգևորականի թափանցիկության պարտականությունը ու պարտավորվածությունը, դժբախտաբար, բացակայում են շատ բարձրաստիճան եկեղեցականների վարքից։
Սրբազան Հա՛յր, խոսքս, միայն, վերոնշյալ տեսանյութում Ձեր անկեղծ արտահայտության ու անթաքույց ազնվության մասին է (մեջմերում)․ «Այո՛, հիմա էլ ապրում եմ Լոս Անջելեսում։ Մի համեստ բնակարանում ենք ապրում, առանց ամաչելու ասում եմ ձեզ, լուսահոգի ընկերոջս տղան՝ Ռուբեն Գևորգյանցի տղան՝ Ստեփանը, 2.5 տարի ամեն ամիս, էս տան վարձը՝ 2,500 դոլլար, տալիս է էս շենքի մենեջերին։ Չե՛մ ամաչում, ասում եմ՝ այո՛։ Էնպես որ ես խնդրում եմ ժողովորդ ջա՛ն, ով որ ինչ հեքիաթներ պատմում է, հալած յուղի տեղ մի ընդունեք» (մեջբերման ավարտ)։