ԱՄՆ դեսպանությունը հետեւում է Երեւանում ընթացող ցույցերին եւ իրավապահներին հորդորում հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի եւ հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ եւ քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
«ԱՄՆ դեսպանությունը հետեւում է Երեւանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսեւորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։
Մենք նաեւ խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի եւ հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ եւ քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։
0 Մեկնաբանություն