Ազգային ժողովից ձերբակալված «Newday» լրատվականի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում է:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նա 1-1,5 ժամվա ընթացքում ազատ կարձակվի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։
«Newday» լրատվականի խմբագիր Անի Գեւորգյանն հունվարի 21-ին ահազանգել էր, որ իր օպերատորին ԱԺ անցակետից թույլ չեն տվել մուտք գործել` լուսաբանելու ԱԺ նիստերը: ՊՊԾ ծառայողները ոստիկանություն են կանչել` օպերատորի մոտ փոքր դանակ հայտնաբերելու պատճառով, ոստիկանությունն էլ ձերբակալել է նրան:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն, նկատում է` ձեռնաշղթաներ կիրառելու անհրաժեշտություն չի եղել, իսկ հայտնաբերված դանակը պետք է ենթարկվի փորձաքննության, ինքը չի զարմանա, որ պարզվի` սառը զենք չի գնահատվում, իսկ եթե սառը զենք գնահատվի, ապա դա քրեական օրենսգրքով նախատեսված է, բայց ազատազրկում չի նախատեսում: Մելիքյանը, այդուհանդերձ, ոստիկանության եւ ՊՊԾ ծառայողների գործողությունները ոչ իրավաչափ չգնահատեց` նկատելով, որ հատուկ պահպանվող տարածք է:
0 Մեկնաբանություն