Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը շարունակում է փակ մնալ: Դրա հետ մեկտեղ տավուշեցիները փակել են նաեւ Կիրանցի կամուրջը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, այսօր այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչեւ 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն եւ իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երեւանն ու Բաքուն։
0 Մեկնաբանություն