Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Դրա շրջանակում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաեւ ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմերի համար այսօր՝ ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք։
Փրկարարական տեխնիկան բերվել է հատուկ պատրաստության՝ ըստ անհրաժեշտության իրականացնելու փրկարարական միջոցառումներ։
Միեւնույն ժամանակ ՆԳՆ Փրկարար ծառայության անունից նույն մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցի տնօրեններ եւ այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։
ՆԳ նախարարության կողմից նույն մարզերում իրազեկումներ են իրականացվում նաեւ բարձրախոսներով, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում են հեղեղումներից առաջ, ընթացքում եւ հեղեղումներից հետո վարքագծի կանոնները։
Հորդորվում է պահպանել զգոնություն, հետեւել ներկայացված վարքագծի կանոններին, միեւնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։
Հիշեցնենք՝ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի եւ Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան եւ լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։
0 Մեկնաբանություն