Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել եւ, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։
Այս մասին հայտարարեց ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բարձր ներկայացուցիչը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա եւ ընդգծեց, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական ՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարեւոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առեւտրի դիվերսիֆիկացիայի եւ կապի համար։
Ժոզեպ Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարեւոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Բորելը շեշտեց, որ ուժեղ եւ կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ եւ կայուն Հարավային Կովկաս, եւ դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։
0 Մեկնաբանություն