Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․
«Սիրելի հայրենակիցներ,
այսօր ապրիլի 24-ն է՝ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը։ Իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված եւ հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգեւոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին եւս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության եւ ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը։ Աշխարհասփյուռ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը հիշում ու դատապարտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Մենք ոգեկոչում ենք մեր՝ 1,5 միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առջեւ։ Սգում ենք այն մարդկանց համար, ովքեր դարձան անասելի եւ աննկարագրելի ոճրի զոհ: Այսօր չենք կարող չհիշել նաեւ նրանց, ովքեր վերապրեցին Մեծ Եղեռնը: Նրանց, ովքեր անցնելով պարտադրված արտագաղթը եւ արհավիրքներն` իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում կամ սփյուռքում: Նրանց, ովքեր իրենց աննկուն կամքով պայքարեցին հանուն կյանքի: Նրանց, ովքեր վառ պահեցին իրենց հայ ինքնությունն ու անունը: Նրանց, ովքեր ծնեցին զավակներ, թոռներ, ծոռներ: Նրանց, ովքեր դաստիարակեցին իրենց ժառանգներին մարդ եւ հայ:
Հարյուր ինը տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել: Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնց խորհրդարանները պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մենք շարունակելու ենք արթնացնել մարդկության խիղճը, որպեսզի նման ոճիրներ չիրականացվեն աշխարհի եւ որեւէ ժողովրդի հանդեպ: Չպետք է թույլ տանք, որպեսզի միայն հայ լինելու համար սպանված մարդկանց հիշատակն անարգվի Մեծ Եղեռնի ոճրի մերժմամբ: Դա է Հայոց ցեղասպանության հանդեպ մեր առաջնահերթ հանձնառությունը:
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին, որպես ցեղասպանություն վերապրած եւ վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը»:
0 Մեկնաբանություն