Ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է երկրաբանների մասնագիտական տոնը: Օրվա կապակցությամբ` ներկայացնում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի շնորհավորական ուղերձը։
«Հայ երկրաբանների մի քանի սերունդ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում: Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ այս կարեւոր մասնագիտական օրվա կապակցությամբ:
Անցյալում շատերիս երազած ուժեղ, զարգացած եւ անկախ Հայաստան ունենալու երազանքի իրականացումն ասոցացվել է օրնիբուն աշխատելու, այդ թվում նաեւ երկրաբանի ազնիվ ու քրտնաջան աշխատանքի հետ:
Հայ երկրաբանների մի քանի սերունդներ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում, հայտնաբերել են խոշոր հանքավայրեր, որոնք մինչեւ այսօր հազարավոր ընտանիքների ապահովում են արժանապատիվ աշխատանքով եւ երկրի տնտեսության համար կայուն հիմք են հանդիսանում:
Վստահ եմ, մեր երկրի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը միտված բազում ծրագրերի ամենաարագ ու արդյունավետ իրականացումները անմիջականորեն կապված են հանքարդյունաբերության եւ, հատկապես, «կանաչ տնտեսության» անցմամբ պայմանավորված կրիտիկական մետաղների աճող պահանջարկի հետ: Դրա համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է նվիրվածություն եւ համախմբած ամենօրյա աշխատանք, որի ներուժն ու պատրաստակամությունն այսօր մենք՝ բիզնեսի ներկայացուցիչներս տեսնում ենք ակադեմիական հանրության շրջանում։
Կրկին շնորհավորում եմ «Երկրաբանի օրվա» առթիվ եւ մաղթում եմ ծրագրերի իրականացում, նոր հաջողություններ, բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք» ,- նշված է ուղերձում։
0 Մեկնաբանություն