Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հունվարի 21-ին հանդիպման ընթացքում Ավստրիական զարգացման գործակալության եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ղեկավար կազմերը ներկայացրել են փետրվարից մեկնարկող ծրագրի մանրամասները։
«Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման» ծրագրի («R2D Սյունիք») «Բաղադրիչ 1»-ն ուղղված է մարզում բիզնես միջավայրի բարելավմանը եւ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը. այն կիրականացնի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, իսկ «R2D Սյունիքն» ընթանում է Եվրոպական Միության եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։
Այս բաղադրիչը կտեւի մինչեւ 2027 թվականը եւ կաջակցի Սյունիքի մարզում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
Ծրագիրը նախատեսում է նախ կրթական, խորհրդատվական, կարողությունների զարգացման գործողություններ եւ ապա բիզնեսի զարգացման համար մինչեւ 10 000 եվրո դրամաշնորհներ՝ ընտրված ՄՓՄՁ-ների համար։
Ռոբերտ Ղուկասյանն իր գոհունակությունն է հայտնել մեկնարկող ծրագրի վերաբերյալ ու նշել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է փոխգործակցության՝ այն արդյունավետ իրագործելու համար։
3, 5 մլն եվրո ընդհանուր արժեքով ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ մարզում ՄՓՄՁ ոլորտում ոչ ֆինանսական աջակցություն կստանա 250 շահառու, ֆինանսական՝ 125 ՄՓՄՁ, կարողությունների զարգացում կապահովվի 80-100 ՄՓՄՁ-ի համար, կստեղծվի 150 կայուն աշխատատեղ։
Առաջնահերթություն կտրվի կանանց, երիտասարդներին, բռնի տեղահանվածներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը կենտրոնանալու է ագրովերամշակման, արդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտների վրա։
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։
0 Մեկնաբանություն