Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել իրեն եւ Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը:
Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին: Այն հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին եւ արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի եւ նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչեւ մայիս:
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի Հանրապետության եւս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։
«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ եւ վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլը սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։
2022 թ. նոյեմբերից մինչեւ 2023 թ. փետրվարը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասվում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:
Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։
«Ռուբենի եւ Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների եւ միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, եւ դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության եւ մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.
Անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։
Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչեւ մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, եւ միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:
Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի եւ մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգնվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։
0 Մեկնաբանություն