Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է՝ խորհրդարանական հանրապետական կառավարման ձեւով։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում կատարվել է անցում նախագահական համակարգից խորհրդարանականի։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, գործադիրը՝ վարչապետն ու կառավարությունը, իսկ նախագահը, որ ընտրվում է խորհրդարանի կողմից, ունի խորհրդանշական եւ ներկայացուցչական լիազորություններ։
Հայաստանը իրավական պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայության սկզբունքը եւ պաշտպանվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Երկիրը ժողովրդավարական է, եւ ոչ ոք՝ անկախ իր քաղաքական, կրոնական կամ ֆինանսական դիրքից, իրավունք չունի կանգնելու օրենքից վեր։ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները երաշխավորված են պետական եւ դատական համակարգերի միջոցով։
Հայաստանում կրոնական կազմակերպությունները, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, առանձնացված են պետությունից՝ համաձայն Սահմանադրության 17-րդ հոդվածի։ Սակայն՝ Հայ Առաքելական եկեղեցին ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ շնորհիվ նրա պատմական եւ հոգեւոր ավանդույթի։ Սահմանադրությունը հաստատում է եկեղեցու դերը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի եւ հավատքի պահպանման գործում։ Միեւնույն ժամանակ, բոլոր կրոնական կազմակերպություններն՝ անկախ իրենց նշանակությունից, գործում են օրենքի ներքո եւ ունեն իրավահավասար կարգավիճակ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Հայ Առաքելական եկեղեցու վարչական կենտրոնը, գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրում՝ որպես իրավաբանական անձ։
- ՀՎՀՀ՝ 04703401, Գրանցման համարը՝173.54868, Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գրանցման օր՝ 07.12.2011
Սա Սուրբ Էջմիածինը գործում է ՀՀ օրենքների ներքո՝ ինչպես ցանկացած հասարակական, կրոնական կամ բարեգործական կազմակերպություն՝ իրավահավասարության սկզբունքով։
Այո՛, անշուշտ, Մայր Աթոռը հայ ժողովրդի հոգեւոր սիրտն է, Աստծո Սրբավայրը, իսկ շատերիս համար՝ Սրբություն Սրբոց, մեր հոգեւոր ծննդավայրը, հոգեւոր սնուցիչը, հավատքի ու ինքնության հարազատ կնիքը։ Այն տեղն է, ուր դարեր շարունակ խոնարհվել են մեր նախնիները, որտեղից լուսավորվել են ազգի սերունդները, եւ որը, համազգային հավաքական հիշողության կենդանի կրողն է։ Մայր Աթոռն այն սրբավայրն է, որտեղ խաչվում են երկնքի հանդեպ վստահությունն ու երկրի հանդեպ ծառայությունը։ Այն սրբավայրն է, որտեղից ակնկալվում է ոչ միայն աղոթքի մաքրություն, այլեւ բարոյական ուղիղություն, թափանցիկություն եւ արդարություն։
Եվ հենց այդ բարձր ու բացառիկ դիրքն է, որ առավել խիստ պահանջ է դնում, քանի որ սրբությունը պատասխանատվություն է, ոչ թե անձեռնմխելիություն։ Ոչ ոք՝ նույնիսկ սրբազան հագուստով, չի կարող օրենքի պահանջներից դուրս լինել։
Այո՛, անշուշտ, պետությունը պարտավոր է պաշտպանել այդ սրբությունը, որովհետեւ սրբության հարգանքը մեր ազգային ու հոգեւոր ինքնության անքակտելի մաս է։ Սրբությունը ոտնահարելն անընդունելի է։ Սակայն, երբ այդ Սրբությունը օգտագործվում է քաղաքական շահերի, իրավական գործընթացներին ու արդարադատության վրա ազդելու համար, այստեղ հենց վնասվում է ոչ միայն պետության հիմքը, այլ՝ նաեւ հենց եկեղեցու բարոյական վարկը։ Մայր Աթոռը չպետք է օգտագործվի որպես բարոյական վահան՝ անձանց քրեաիրավական պատասխանատվությունից պաշտպանելու համար։
Այո՛, անշուշտ, հավատքը անձեռնմխելի է, բայց հավատքի անունով ստեղծված կառույցները՝ մարդկային են, ենթակա են բարոյական ու իրավական գնահատման։ Որպես իրավական պետության քաղաքացիներ, մեր հավատքը չի կրճատվում, երբ օրենք է պահանջվում նաեւ հոգեւոր կառույցներից։ Այն հակառակը՝ ամրանում է, քանի որ ամրապնդվում է ճշմարտության եւ արդարության հանդեպ վստահությունը։
Պետությունն ու եկեղեցին պետք է գործեն իրար փոխկապակցված՝ պահելով հստակ սահմաններ։ Պետությունը չի կարող ոտնահարել սրբությունը, սակայն իրավունք ունի եւ պարտավոր է ապահովել օրենքի գերակայությունը, երբ խոսքը գնում է համընդհանուր իրավունքների ու պետության համակարգի պահպանության մասին։
2025թ. հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարձյալ տարածեց հայտարարություն, որտեղ նախօրեին կատարված իրավապահ գործողությունները որակվում են որպես «խայտառակություն», «ազգային ամոթ», «դավադիր հարված»։
Հայտարարության համաձայն՝ «...շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում» իրավապահ մարմինները մուտք են գործել Մայր Աթոռի տարածք՝ «...նպատակ ունենալով ձերբակալելու եւ բռնի ուժով բերման ենթարկել...» Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Հայտարարությունն իր լեզվով եւ բովանդակությամբ դուրս է կրոնական դաշտից եւ ակնհայտորեն դրսեւորվում է որպես միջամտություն պետական արդարադատության գործընթացին։
Հռետորաբանությունը՝ ուղղված վարչապետին, դատական եւ քննիչ մարմիններին, որը հնարավոր է եւ կարող է իրավաբանորեն ընկալվել որպես փորձ՝ ազդելու ընթացող քրեական վարույթի եւ հանրային ընկալման վրա։ Հայտարարության որոշ հատվածներ հնարավոր է եւ կարող են քրեաիրավական հետեւանքներ ունենալ՝ հիմնվելով ՀՀ Քրեական օրենսգրքի վրա․
- ՔՕ 444 հոդված – Դատարանի կամ արդարադատության գործունեությանը խոչընդոտելը - Եթե հայտարարությունը դիտարկվի որպես ճնշում քննիչների կամ դատավորի վրա՝ միջամտություն դատավարական ընթացքին։
- ՔՕ 226 հոդված – Ազգային կամ կրոնական թշնամանք հարուցելը - Բառապաշարը («հոգեւոր վիրավորանք», «դավադիր հարված») կարող է հանգեցնել հասարակական հուզումների։
- ՔՕ 449 հոդված – Քարոզչություն՝ ուղղված պետական իշխանությունը ապօրինի սահմանափակելուն - Եթե հայտարարությունն ընկալվի որպես հանրային վստահության կորուստ առաջացնելու փորձ՝ պետական ինստիտուտների նկատմամբ։
Պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործունեությանը՝ հոգեւոր հարցերին, ծիսակատարությանը, առաջնորդների ընտրությանը։ Նույն սկզբունքը պահանջվում է, որ եկեղեցին չխառնվի պետության գործերին, մասնավորապես՝ արդարադատությանը, քրեական վարույթներին եւ պետական քաղաքականությանը։
Եկեղեցին կարող է պաշտպանել իր անդամների իրավունքները իրավական ճանապարհով, սակայն չի կարող քաղաքականացնել իրավական գործընթացը, քանի որ Հայաստանը կառուցված է իրավունքի գերակայության, աշխարհիկ պետության եւ ժողովրդավարության հիմքի վրա։ Ոչ մի անձ կամ կազմակերպություն՝ անկախ իր հոգեւոր կամ պատմական նշանակությունից, իրավունք չունի խախտելու այդ հիմքերը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարունակական այս հայտարարությունները վտանգավոր նախադեպեր են, որոնք անհրաժեշտ է դիտարկել օրենքի ու սահմանադրության շրջանակում։
Եկեղեցին կարող է ուժեղ լինել իր հավատքի, պատմության եւ բարոյական դերակատարությամբ, բայց այդ ուժը չպետք է վերածվի քաղաքական ճնշման գործիքի։ Երբ օրենքն է գերիշխում, բոլորի դիրքն էլ հավասար է նրա առաջ՝ լինի դա պետական, թե եկեղեցական բարձրագույն պաշտոնյա։
Հ.Գ. Հիշեցում.
Այս հոդվածը ներկայացնում է իրավական, ոչ թե գաղափարախոսական կամ կրոնական դիրքորոշում։ Նպատակը՝ պետություն-եկեղեցի սահմանների հստակեցումն է՝ իրավունքի գերակայության ապահովման համատեքստում։
Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ
0 Մեկնաբանություն