Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ցուցահանդես-միջոցառում, որի թեման Մովսես Խորենացու հայտնի տողերն էին՝ «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում»:
Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 5 դատապարտյալ, այդ թվում նաեւ՝ ցմահ ազատազրկվածներ, որոնց օժանդակել են նրանց դասավանդող ուսուցիչները: Միջոցառումը տարբերվում էր մինչ այդ կազմակերպված ցերեկույթներից նրանով, որ միասին ելույթ են ունեցել եւ՛ ազատազրկված անձինք, եւ՛ դասավանդողները:
Միջոցառման թեման եւ գործողությունների առանցքը հայրենիքն էր, Հայաստանի երեկվա ու վաղվա օրը: Թեմայի ընտրությամբ մեկ անգամ եւս ընդգծվել է քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց նվիրումն ու սերը հայրենիքի, նրա ապագայի նկատմամբ՝ անկախ գտնվելու վայրից:
Ցերեկույթն ավարտվել է ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ներկայացվել են դատապարտյալների ձեռքի աշխատանքները՝ ստեղծված տերբեր նյութերից եւ տարբեր ոճերով, որոնք խորհրդանշում են հիմնականում հայրենասիրություն, խաղաղություն, հոգու ներդաշնակություն եւ ազատության տենչ։
0 Մեկնաբանություն