Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ընտրություն կատարելու հարցով։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը նշել էր, Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել՝ պարզելու հայ ժողովրդի կարծիքը։ Միայն դրանից հետո, ըստ Պուտինի՝ Ռուսաստանը համապատասխան հետեւություններ կանի եւ կգնա «փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի»։
«Եվ ես ասել եմ, որ մինչեւ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Ես համաձայն չեմ նաեւ «ապահարզան» ձեւակերպման հետ, որովհետեւ ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։ Մենք ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ ենք, եւ քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը, եւ էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որեւէ այդպիսի հարց դնել։ Նաեւ հանրաքվե կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։ Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ մեր գործընկերներին, ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետը։
Ըստ Փաշինյանի, Հայաստանի քաղաքականությունն ամբողջովին հրապարակային է, դրա տակ որեւէ դավադրություն չկա թաքնված.
«Մենք որդեգրել ենք բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, որի առանցքային սկզբունքներից մեկը հարգանքի եւ փոխադարձ շահերի ճանաչման վրա հիմնված հարաբերություններն են։ Եվ ես նախկինում էլ եմ ասել, որ մենք չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին, մենք շարունակելու ենք առաջնորդվել Հայաստանի պետական շահերով, մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ դա քաղաքական ճաշակի հարց չի, որովհետեւ կարող է մեկնաբանություն լինել, որ դա կապված է իմ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ։ Դա օբյեկտիվ իրականությունից բխող պրոցես է, եւ, այո, հարաբերությունների տրանսֆորմացիա է տեղի ունենում, եւ ես դրական եմ գնահատում հարաբերությունների այդ տրանսֆորմացիան։ Ես հասկանում եմ նաեւ, որ որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու, եւ մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս խոսքով՝ ինքը ՌԴ նախագահի հետ ունի աշխատանքային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա.
«Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում եւ միջավայրում՝ փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով։ Ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ։ Էլի եմ ասում՝ մենք Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու, բայց մենք լիարժեք նվիրված ենք նաեւ մեր պետության շահերին»,-մասնավորապես նշեց Փաշինյանը։
Մանրամասները aravot.am-ի տեսանյութում։
0 Մեկնաբանություն