Aysor.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ։
«Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ աղջիկը բնակվում է Սոթքում։ Վարդենիսում հաճախում է երաժշտական դպրոց՝ տաքսիով։ Տաքսու վարորդը եւ նրա հետ եւս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան։
«Աղջկա մայրն աշխատում է զորամասում։ Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշեց մեր աղբյուրը։
Սոթքի համայնքապետ Սեւակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։
ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն Aysor.am-ին տեղեկացրեց.
«Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք եւ Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների եւ ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել եւ տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը եւ կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնեց. «Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել եւ նրանք կալանավորված են»»։
0 Մեկնաբանություն