Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, այսօր Ստեփանավանում, լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հայտարարությանը։
«Ես չէի ուզի, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաեւ չէի ուզի, որ թերագնահատենք, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց», - ասաց Փաշինյանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։
Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։
Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:
Վարչապետի աշխատակազմից կարեւոր են համարել նաեւ արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:
0 Մեկնաբանություն