Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին տեղի ունեցած խուլիգանության, դրանց ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ու 5 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից,
«2024 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. ապրիլի 23-ին ժամը 11:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում` «Հովնար» կոչվող խանութի առջեւ, մի խումբ անձանց կողմից փակվել է ճանապարհը:
Ըստ հաղորդման՝ 54-ամյա եւ 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն ճանապարհը փակած, ինքնությունը պարզված եւ դեռեւս չպարզված մի խումբ անձինք խոչընդոտել են նրանց ընթացքը։ Այդ պատճառով վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ճանապարհը փակած անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով հասարակության եւ իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել վերոնշյալ երկու անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նույն օրը ժամը 12:10-ի սահմաններում եւս մեկ անձ իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել այդ ճանապարհահատվածով, սակայն ճանապարհը փակած անձինք խոչընդոտել են ավտոմեքենայի ընթացքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել, եւ դեռեւս ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ձեռքերով եւ փայտերով հարվածներ են հասցրել վերոնշյալ տղամարդու կողմից վարած ավտոմեքենային:
Վերը նշված դեպքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել մեկ այլ անձ, ով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ 2024թ. ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ապրիլի 23-ին վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել է 5 անձ։
Նույն օրը Ոստիկանությունից նաեւ հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 15:50-ի սահմաններում 54-ամյա անձը 50-ամյա տղամարդու եւ մի շարք այլ անձանց հետ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, դրսեւորել բացահայտ արհամարհական վերաբերմունք հասարակության, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, որի ընթացքում 54-ամյա անձը հայհոյանքներ է հնչեցրել 69-ամյա մի տղամարդու հասցեին, իսկ 50-ամյա անձը ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված դեպքի առթիվ եւս նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ նշված անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ երկու միջադեպերն էլ առնչվում է նույն անձանց, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով նշված երկու վարույթները միացվել են եւ հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությանը։
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու եւ դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»։
0 Մեկնաբանություն