Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերեւույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածել Զինվորական քննչական գլխավոր վարչությունը։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները եւ տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի եւ 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն եւ ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին եւ Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց եւ վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որեւէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:
Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական եւ այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները եւ դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետեւողականություն եւ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:
Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային եւ պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսեւորել զսպվածություն եւ չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին եւ քաղաքական կոչերին»:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու եւ տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:
Ստորեւ՝ զինծառայողներ Ասատուր Չոբանյանի եւ Ֆելիքս Բաղինյանի ուղերձները:
0 Մեկնաբանություն