ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը։
Ըստ այդմ, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք գյուղերում և Մեղրի քաղաքում հանրության գերակա շահ կճանաչվի 99 միավոր հողամաս:
Հիմնավորմամբ՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող գույքի սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերի նկատմամբ, քանի որ ծրագիրը նպատակաուղղված է համապետական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրի իրականացման ապահովմանը: Բացի այդ, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան սոցիալական ծառայությունները, շուկաները, կբացվեն նոր աշխատատեղեր և այլն:
Որոշման նախագծում նշվում է, որ անհնար է իրագործել ծրագիրն առանց տվյալ տարածքների օտարման, քանի որ դրանք գտնվում են կառուցվող ճանապարհահատվածի և հաղորդակցուղիների սահմաններում:
Օտարվող սեփականությունը ձեռք է բերելու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2026թ. դեկտեմբերի 1-ն է:
0 Комментарий