«ՉՈՒԼԱ՞Ն» բառի ազդեցության շարունակությունը․ Սարգիս Յազիչյան
Դատարանի պաշտոնական որոշումից կարճ ժամանակ անց, կամ հավանաբար մինչ դատարանի որոշման հրապարակումը (ժամանակային հստակության բացակայության պատճառով դժվար է պնդել ճիշտ ժամը), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հրապարակային պաշտոնական հայտարարությամբ։
Ստորեւ ներկայացված է այդ հայտարարության իրավական վերլուծությունը՝ հիմնված բացառապես ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ-ում գործող իրավական նորմերի վրա՝ ձեռնապահ մնալով որեւէ անձի կամ կառույցի գնահատական տալուց․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերոնշյալ հայտարարությունը դիտարկվում է բացառապես եկեղեցու եւ պետության բաժանման սահմանադրական սկզբունքի համատեքստում։
Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին առանձնացված է պետությունից։ Բոլոր կրոնական կազմակերպությունները հավասար են օրենքի առաջ»։
Այս դրույթը ենթադրում է, որ կրոնական կառույցները, այդ թվում՝ առավել եւս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որեւէ կերպ իրավասու չեն միջամտելու պետական իշխանության մարմինների գործունեությանը, մասնավորապես՝ դատական կամ նախաքննական գործընթացներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրապարակային պաշտոնական հայտարարության մեջ հնչած ձեւակերպումները, որոնք պարունակում են գնահատականներ իրավական գործընթացների վերաբերյալ, առնվազն կարող են դիտարկվել որպես հնարավոր սահմանախախտում՝ իրավական սահմանազատման սկզբունքի տեսանկյունից։
Օրինակ՝ Մայր Աթոռի հայտարարությունում օգտագործվել են արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ապօրինի խուզարկություն», «քաղաքական շարժառիթներով մղված հետապնդում», «անարդար եւ ուղղորդված ձերբակալություն», «հայ եկեղեցու եւ ազգային արժանապատվության դեմ թիրախավորում»։ Այս ձեւակերպումները կարող են ընկալվել որպես միջամտություն ընթացիկ քրեական գործին, եւ որպես ճնշում նախաքննական ու դատաքննական գործընթացների վրա։
Բացի այդ, նշյալ հայտարարության որոշ հատվածներ կարող են դիտարկվել որպես դատական իշխանության անկախության վրա չնախատեսված ազդեցության փորձ։
ՀՀ Սահմանադրության 5.1 եւ 97.1 հոդվածները երաշխավորում են դատարանների անաչառությունն ու անկախությունը՝ բացառելով ցանկացած արտաքին ազդեցություն կամ ճնշում դատավարական գործողությունների նկատմամբ։