Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել իրեն եւ Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը:
Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին: Այն հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին եւ արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի եւ նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչեւ մայիս:
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի Հանրապետության եւս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։
«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ եւ վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլը սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։
35-ամյա կապանցին սպանել է 63-ամյա տղամարդուն, դին այրել ու թաղել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ:
Նա հայտնել է, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու եւ չի վերադարձել: Նաեւ հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետեւ փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամվել Ղազարյանը ապրիլի 13-ի ժամը 17:00-ի սահմաններում անտառամիջյան ճանապարհով գնալիս հանդիպել է տարածքում բնակվող կապանցի 35-ամյա երիտասարդին, եւ նրա տանը երկուսով ալկոհոլ են օգտագործել: Այնուհետեւ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ սկսել են ինչ-որ հարցի շուրջ վիճել, որի ընթացքում 35-ամյա կապանցին բազմաթիվ հարվածներ է հասցրել 63-ամյա տղամարդուն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է:
Ապրիլի 18-ին 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ընդունել է մեղքը եւ հայտնել, որ սպանելուց հետո 63-ամյա տղամարդուն թաղել է իր այգու տարածքում: Նրա մատնանշած վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 63-ամյա տղամարդու այրված դիակը: 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին:
Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ի՞նչ է սա նշանակում:
Պատասխան – Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջեւ Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման:
Հարց - Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը:
Պատասխան – Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Կարեւոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ: Կարեւոր է նաեւ արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաեւ Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջեւ եւ կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց: