Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
«Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի նախագահ սենատոր Ժիլբեր֊Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Վարդանյանը։
Նա նշել է, որ Մանուշյանի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ խոնարհելուց հետո աշխատանքային հանդիպում է կայացել Գորիսի համայնքապետարանում։ Այնուհետեւ սենատորները շրջել են քաղաքում։
Ոստիկանները պահանջում են բացել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը. Բագրատ Սրբազանը բանակցում է ոստիկանների հետ.news.am
ՆԳՆ Ոստիկանները թույլ չեն տալիս կիրանցիներին շարունակել ակցիան։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ակցիայի վայրից։
«Ոստիկանությունը ուզում է վերականգնել այլոց խախտված իրավունքները և բացել ճանապարհը։ Ձեր ձայնը բարձրացրե՞լ եք, լսելի դարձրե՞լ եք, լրագրողները լուսաբանե՞լ են, դրանք ձեր խնդրի բարձրացման եղանակներն են, բայց այլոց իրավունքների հաշվի՞ն։ Չի նշանակում, որ ձեզ իրավունք է վերապահվում մնացած 3 միլիոնի իրավունքները խախտել»,- իր խոսքում նշել է ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչը՝ դիմելով Բագրատ Սրբազանին։
Սրբազանն ընդգծել է, որ ակցիան Ոստիկանության հետ որևէ խնդիր չունի. «Ոստիկանությունը պետք է ապահովի այս մարդկանց անվտանգությունը»։
Նշենք, որ վաղ առավոտից կիրանցիները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Ֆեյսբուքյան եթերի ժամանակ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հայտնել էր, որ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ է, որտեղ զինված ուժերը փորձում էին ականազերծման աշխատանքներ իրականացնել եկեղեցու հարակից տարածքներում։ Սակայն գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել աշխատանքները շարունակել։
Արժեքներն ու սկզբունքներն առավել կարեւոր են, քան նույնիսկ կյանքը․ Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով Բաքվի բանտում երկու շաբաթից ավելի է՝ հացադուլ է հայտարարել՝ բոլոր գերեվարվածներին ազատ արձակելու պահանջով, այս ընթացքում առաջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ։ Ավելի քան երկու շաբաթ առանց որեւէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց եւ Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։
Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ եւ անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել եւ ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման հետ կապված։ Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբեւէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարեւոր են, քան նույնիսկ կյանքը»: