7 անձ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդի միջադեպի ժամանակ
7 անձ ձերբակալվել է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
«Մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ», -տեղեկացնում ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ-ի փոխանցմամբ` նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետեւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերեւույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։
Բողոքի ցույցի մասնակից կինը ոստիկանի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել՝ նրա նկատմամբ բռնություն գործադրել. նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2024 թ․ ապրիլի 24-ին Քննչական կոմիտե հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցը, ապրիլի 24-ին ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի վայրում ծառայություն իրականացնելիս, մոտեցել է նշված հատվածում երթեւեկելի ճանապարհը փակած անձանց եւ հասարակական կարգը պահպանելու, երթեւեկության բնականոն ընթացքը ապահովելու նպատակով, պահանջել բացել ճանապարհը։
Սակայն, ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, վերջինիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք։ Կնոջը պարեկային ծառայության մեքենային մոտեցնելու նպատակով, ոստիկանության աշխատակիցը մոտեցել է նրան, ինչից հետո վերջինս ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել հիշյալ պաշտոնատար անձի մարմնի տարբեր հատվածներին։ Ակցիայի մյուս մասնակիցների մոտենալուց հետո կինը հեռացել է։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը առերեւույթ միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն նշված անձի ինքնությունը պարզելու, նրան վարույթն իրականացվող մարմին ներկայացնելու վերաբերյալ։
Գորիսում՝ արյան փոխներարկման կայան կստեղծվի
Կառավարությունն ապրիլի 25-ի նիստում անշարժ գույք հետ վերցնելու, անշարժ գույք ամրացնելու եւ «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի վերակառուցում։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի շրջանակներում, համապատասխանաբար ներդրումը պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի շրջանակներում։
Ուստի՝ Գորիս համայնքի ավագանու որոշման համաձայն Գորիս համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարվել է Գորիս քաղաքի Օրբելյանների փողոց թիվ 5/1, 5/2, 5/3,4 հասցեներում պետական սեփականության շենք/շինություններով ծանրաբեռնված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։
Նախագծով ակնկալվում է Գորիս քաղաքի Օրբելյանների փողոց թիվ 5/1, 5/2, 5/3,4 հասցեների պետական սեփականության շենք/շինությունների նկատմամբ մեկ միասնական սեփականության իրավունքի գրանցումը՝ ի դեմս ՀՀ Սյունիքի մարզպետարանի։
Նախագծով ակնկալվում է նաեւ քաղաք Գորիս, Արզումանյան փողոց 33 հասցեում գտնվող անշարժ գույքի ամրացում Առողջապահության նախարարությանը՝ Գորիսի արյան փոխներարկման կայան ստեղծելու նպատակով։
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են արել
Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։
«Ստի եւ կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության եւ արդարության»,- գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երեւանն ու Բաքուն։
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը․news.am
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը շարունակում է փակ մնալ: Դրա հետ մեկտեղ տավուշեցիները փակել են նաեւ Կիրանցի կամուրջը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, այսօր այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչեւ 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն եւ իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երեւանն ու Բաքուն։
Ամառային զորակոչը՝ ապրիլի 29-ից հուլիսի 31-ը․կառավարության որոշումը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հայտարարել 2024 թվականի ապրիլի 29-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաեւ մինչեւ մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:
2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
Նշվում է, որ զորակոչը կիրականացվի հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրում՝ հունիսի 13-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ: