ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների եւ ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում՝ եւս մեկ անգամ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Պաշտպանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս նկատմամբ ստացիոնար, ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ նախաձեռնելու գործընթացում:
Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես, առողջության պահպանման եւ կյանքի իրավունքի համար պատասխանատվություն է կրում պետությունը: Ազատությունից զրկված անձանց իրավունքների, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է անդրադառնում ինչպես տարեկան զեկույցներում, այնպես էլ իրավասու մարմինների հետ քննարկումների եւ հրապարակային հայտարարությունների շրջանակներում: Պաշտպանը եւս մեկ անգամ շեշտադրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի պատշաճ հսկողություն, մատուցվի հոգեբուժական բավարար օգնություն եւ սպասարկում:
Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների եւ ինքնավնասումների յուրաքանչյուր դեպք գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում, դրանց վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
0 Մեկնաբանություն