Վերջին օրերին հանրային դաշտում նկատելիորեն աշխուժացել է բանավեճը՝ կապված Կաթողիկոսի աշխարհիկ անվան կիրառման եւ այդ երեւույթը քննադատելու օրինաչափության շուրջ։ Սակայն այս քննարկումներն, ըստ էության, միայն մակերեսային դրսեւորումն են մի խորքային ճգնաժամի, որն առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցու արժեքային, վարքային եւ ինստիտուցիոնալ ներկային։
Հատկանշական է, որ «ի պաշտպանություն Հայ Եկեղեցու» հանդես են գալիս այնպիսի «դեմքեր», այդ թվում՝ նախկին եւ ներկա հոգեւորականներ, որոնց խոսքը, հայտարարությունն ու վարքագիծը երբեմն ստեղծում է այնպիսի տպավորություն, որ հենց նրանցից է անհրաժեշտ պաշտպանել Մայր Եկեղեցին։ Տագնապալի է նաեւ հոգեւորականների հրապարակային խոսքի որակը՝ հաճախ միմյանց հակասող, իրավաբանորեն անգրագետ, հասարակագիտական իմաստով մոլորեցնող, եւ երբեմն նույնիսկ հակասահմանադրական բովանդակությամբ։
Ցավալի է, որ խնդիրը սահմանափակված չէ միայն անհատներով։ Մայր Աթոռը եւ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւս հանդես են գալիս պաշտոնական հայտարարություններով, որոնք հակասում են ոչ միայն սահմանադրական կարգին, այլեւ՝ տարրական իրավական եւ տրամաբանական օրինաչափություններին։ Սահմանադրությամբ ամրագրված չեզոքության սկզբունքը հատկապես կարեւոր է այնպիսի ազդեցիկ կառույցների համար, որոնք իրավունք չունեն որեւէ կերպ մոլորեցնելու հանրային դատողությունը։
Տպավորություն է, որ հենց եկեղեցու ներսում է հայտարարված յուրահատուկ մի մրցույթ՝ «տգիտության մրցավազք», ով առավել կհմայեցնի հանրությանը իր պատմական, իրավական, աստվածաբանական եւ հասարակագիտական անտեղյակությամբ ու անգրագիտությամբ։ Նույնիսկ բարձրաստիճան հոգեւորականներ՝ առաջնորդ եպիսկոպոսներ, հանդես են գալիս փողոցային տրամաբանությամբ շաղախված կարճամիտ հայտարարություններով, որոնք թե՛ հանրության մեջ ակնհայտորեն շփոթություն են առաջացնում եւ թե՛ իրենց իսկ իրավական եւ աստվածաբանական աղքատիմացություն ու տգիտության մասին են վկայում։
Օրինակ՝ որոշ հոգեւորականներ պնդում են, թե եթե պարզվի, որ կաթողիկոսական ընտրության իրավազորության հարցում կան խախտումներ, ապա վերջին երեք տասնամյակում կատարված բոլոր ծիսական խորհուրդները՝ մկրտություններ, պսակներ, ձեռնադրություններ, մեռոնօրհնություններ, սրբադասումներ, կդառնան անվավեր։ Ավելի, նրանք պնդում են, թե կաթողիկոսին աշխարհիկ անունով հիշատակելը նշանակում է մերժել նրա ձեռամբ կատարված խորհուրդները՝ մասնավորապես Սուրբ Մկրտությունը։ Այս տեսակ պնդումները, մեղմ ասած, աստվածաբանական եւ իրավական մոլորություն են՝ ավելի շուտ մանիպուլյացիա, քան հավատքի պաշտպանություն։
Սուրբ Մկրտությունը՝ որպես Եկեղեցու հիմնական խորհուրդ, կատարվում է Հիսուս Քրիստոսի պատվիրանով եւ Սուրբ Հոգու ներգործությամբ, այլ ոչ թե որեւէ հոգեւորականի անձնական հեղինակությամբ կամ անվան հիմքով։ Եկեղեցու դարավոր ավանդությունն ընդունում է, որ խորհուրդների վավերականությունը կախված չէ հոգեւորականի բարոյական կամ հոգեւոր վիճակից։
Եթե դիտարկենք մի հիպոթետիկ իրավիճակ, որ երբ որեւէ խախտում հաստատվի՝ օրինակ, որ հոգեւորականը խուսափել է նախապայմանների բացահայտումից կամ ընտրող մարմինը թերի հետազոտություն է իրականացրել, ապա պատասխանատվությունը կրում են ինչպես անհատները, այնպես էլ ինստիտուցիոնալ կառույցները, - Ձեռնադրվող անձը՝ եթե խախտումները հաստատված են․ - Ձեռնադրող եպիսկոպոսները՝ եթե նրանք գիտակցաբոր անտեսել են այդ խախտումները, - Ընտրող մարմինը՝ եթե անփույթ քննություն է իրականացրել․ - Լուռ մնացած հոգեւորականները՝ ովքեր տեղյակ են եղել խախտումներից։
Եվ այս հարցերը բարձրաձայնվում են ոչ թե պառակտելու, այլ՝ բժշկելու եւ վերականգնելու նպատակով։ Ըստ հայրաբանական գրականության՝ անարժան հոգեւորականի ձեռնադրությունը մեղք է Սուրբ Հոգու դեմ։
Ավանդաբար հոգեւորականները նոր անուն են ստանում ձեռնադրության պահին՝ որպես նվիրման խորհրդանիշ, սակայն անվան փոփոխությունը երբեք չի եղել դոգմատիկ հիմք՝ հավատքի վավերականության կամ խորհուրդների ուժի համար։ Սուրբ Պետրոսը մինչ այդ Սիմոն էր, Սուրբ Պողոսը՝ Սողոս։ Բայց նրանց անվան փոփոխությունը երբեք չի ծառայել որպես մկրտության չափանիշ։ Նույնիսկ եթե որեւէ մեկը այսօր հիշատակում է կաթողիկոսին իր ավազանի անունով՝ դա չի կարող դիտարկվել որպես մկրտության կամ որեւէ խորհրդի մերժում։ Այդ պնդումը պարզապես տգիտություն է։
Կաթողիկոսի կամ հոգեւորականի աշխարհիկ անունով հիշատակումը ինքնին ոչ միայն տարածված, այլ նաեւ պատմագրական եւ կենսագրական աշխատություններում ընդունված գործելակերպ է։ Վազգեն Ա-ը հայտնի էր որպես Դոկտոր Պալճյան, Գեւորգ Զ-ը՝ Չորեքչյան։ Այս ավանդույթը երբեք չի ընկալվել որպես հավատքի մերժում։
Ավելին, եկեղեցական իրավունքը տարբերակում է կանոնական անվավերություն (երբ խախտված են ձեռնադրության նախապայմանները) եւ հովվական ճկունություն՝ οἰκονομία (երբ Եկեղեցին, իբրեւ ողջամիտ մարմին, ընդունում է փաստացի կատարված խորհուրդները՝ համայնքի խաղաղությունն ու միասնությունը չխաթարելու նպատակով)։
Եկեղեցական իրավունքի համաձայն՝
- Հոգեւորականի՝ անձնական մեղքի առկայությունը, եթե նույնիսկ ծայրահեղ բարոյական խախտում է, չի վերացնում նախկինում կատարված խորհրդների արդյունք՝ էֆեկտը։ Սրբազան խորհուրդները մնում են վավեր։
- Օրինակ՝ եթե մի հոգեւորական, որի մասին հետագայում պարզվում է, որ կեղծել է իր կենսագրություն եւ նախկինում մկրտել է հարյուրավոր մարդկանց՝ նրանց մկրտությունը վավեր է մնում, քանի որ այն կատարվել է եկեղեցու անունից եւ մկրտվողի հավատով։
Իրավական տեսանկյունից եւս՝ ՀՀ Սահմանադրությունը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան երաշխավորում են կարծիքի եւ խոսքի ազատությունը։ Սա ներառում է նաեւ կրոնական առաջնորդների ու հաստատությունների քննադատության իրավունքը, այդ թվում՝ ավազանի կամ ձեռնադրության անունով հիշատակման եղանակը։
Հավատքը անունով չի պայմանավորվում, եւ խորհուրդների վավերությունը չի հանգուցալուծվում անհատի հեղինակության կամ կարգավիճակի շուրջ։ Կաթողիկոսը կարող է կոչվել ավազանի անունով, բայց դա չի ազատում նրան քննադատությունից, չի երաշխավորում բարոյական կամ հոգեւոր լիարժեքություն, եւ առավել եւս՝ չի հանդիսանում հավիտենական փրկության գրավական։
Հուսկ, ժամանակն է դադարեցնել անվան պաշտամունքը եւ վերադառնալ Եկեղեցու իրական առաքելությանը։ Հավատքի ուժը դրսեւորվում է ոչ թե աղմկոտ հռետորաբանության մեջ, այլ՝ սթափության, ներքին ազնվության, մաքրության եւ ճշմարտության հանդեպ հավատարմության։
Քննադատությունը հանցանք չէ։ Այն կարող է դառնալ շտկման, առողջացման եւ վերակառուցման ուղի՝ եթե ընդունվի ոչ որպես թշնամություն, այլ՝ հնարավորություն։
Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ
0 Մեկնաբանություն