Ֆեյսբուքի օգտատեր Մելանյա Թեւանյանը անդրադարձել է Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանին, որն այս պահին անազատության մեջ է։
Գրառումն մեջբերում ենք ամբողջությամբ․
«Սարերի պարզությամբ, ձորերի խորությամբ ու քամու ազատությամբ լի մարդ է Գոռը՝ հպարտ, բայց ոչ հպարտացող։ Նրա պարզ թվացող, բայց պատերազմներով լի կյանքը ապացուցում է՝ ինչպես ապրել Մարդ մնալով։
Համայնքի ու պետության հոգսերով շնչող, ամեն քարն իրենը համարող Գոռի շնորհիվ համայնքի սիրտը անարգել բաբախում է։ Նա մտածում է համայնքի ու պետության մասին ավելին, քան սեփական անձի։ Կարեւորելով ընդհանուրի բարօրությունը՝ Գոռը երկու նժարից ընտրում էր այն մեկը, որը լավ է բոլորի համար։
Նախանձախնդրությամբ ու նենգությամբ առատ այս դարում Գոռն օգնում է առանց ցուցադրելու, լսում է առանց դատելու, սիրում է՝ առանց պայմանների։ Նա չի անտեսում մարդկանց խնդրանքները, բաց չի թողնում իր կարիքն ունեցող մարդկանց ձեռքը։ Նա հասկանում է մարդու կարիքը՝ մինչեւ խնդրանքը։
Բայց, ինչպես ասում են՝ քամին չի փչում այնպես, ինչպես ցանկանում են նավերը. կյանքը լի է փորձություններով՝ հաճախ ոչ արդարացի։
Արդեն 17 օր է՝ համայնքի սիրտը չի բաբախում, երկյուղի մեջ է ընդհանուրի բարօրությունը կարիքավորի ձեռքը չեն բռնում եւ համայնքը զրնգացող լռությամբ սպասում է իր Գոռին, Տաթեւի Գոռին՝ սարը սարին դնող, մի բուռ հողով կշտացող։
Իր անցած ճանապարհի ու հաղթած պատերազմների մասին «մատնում են» աչքերը՝ կրակ ու բոց, չասված բառեր, արված գործեր ծրարած։
Գոռը երբեւէ չի խոսում իր կարեւորության մասին, բայց կարեւոր է բոլորիս համար։
Գոռն իմ եւ իմ ընտանիքի հարազատն է, եւ անհերքելի է, որ մեզ նման շատ-շատերի հարազատն է, իսկ հոգով հարազատ մարդկանց հետ ունեցած ընկերությունը արժեք է…
Ցանկանում եմ բոլորիդ կյանքում լինեն Գոռի նման մարդիկ, իսկ, եթե անկեղծ, Գոռի նման մարդիկ չկան… Գոռն իր անհատականությամբ եզակի մեկն է, ում պարզապես պետք է ճանաչել՝ որպես ընկեր, հարազատ, Մարդ, կամ, պարզապես, Տաթեւացի Գոռ…
Ցանկանում եմ, որ ծնկաչոք ապրողները սովորեն կանգնած մեռնել…
Ցանկանում եմ, որ մի օր աչքից էլ պրծնենք, աչքացավից էլ…
Պետությունը, մարզն ու համայնքը ունեն Գոռի կարիքը…
Ազատություն Տաթեւի Մեր Գոռին….»:
Նշենք, որ օրեր առաջ Տաթեւ համայնքի բնակիչներն էին նույնաբովանդակ բաց նամակով դիմել վարչապետին։
Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանի նկատմամբ, 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։
Գոռ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։
0 Մեկնաբանություն