Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Այս մասին տեղեկացնում է news.am-ը։ Այստեղ է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տարոն Մարգարյանը, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝ ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ եւ բանաձեւ ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին եւ «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին եւ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։
0 Комментарий