Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրամիջոցների չարաշահման, դրանց ապօրինի շրջանառության հետեւանքով առաջացած խնդիրներն ավելի արդիական ու տեսանելի են դարձել: Շահագրգիռ գերատեսչությունների՝ իրավապահ մարմինների, առողջապահական ոլորտի, կրթության եւ սոցիալական ծառայությունների համագործակցությամբ մշակվել եւ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը», որում ներառված են միջոցառումներ՝ խնդրի հաղթահարմանն ուղղված բոլոր ուղղություններով:
Համագործակցելով գործընկեր պետական կառույցների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ` առողջապահության նախարարությունը շարունակում է զարգացնել թմրամիջոցներից կախվածության բուժման համալիր ծառայությունները, ինչպես նաեւ հանրային իրազեկման եւ նախազգուշացման նախաձեռնությունները։
Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետեւանքներով։ Այն օգտագործողը կարճ ժամանակում կորցնում է`
ֆիզիկական առողջությունը.
հոգեկան առողջությունը.
հմտությունները.
հետաքրքրությունները:
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, քանի որ դրանց գործածման հետեւանքով շատ արագ է ձեւավորվում կախվածության համախտանիշ։ Դրանք դեռահասների օրգանիզմի վրա թողնում են ծանր ախտաբանական ազդեցություններ`
դիմադրողականության անկում.
օրգանիզմի աճի եւ զարգացման դանդաղում.
կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում.
հորմոնալ խանգարումների արդյունքում` վերարտադրողական համակարգի ախտահարում.
քրոնիկ ինտոքսիկացիայի պատճառով ախտահարվում են բոլոր օրգան-համակարգերը, առավելապես` սրտանոթային եւ նյարդային համակարգերը, ինչպես նաեւ լյարդը։
Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության համար։
Զե՛րծ մնացեք թմրամիջոցներ գործածելուց. դրանք վտանգավոր են առողջության եւ կյանքի համար։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ճակատագրական լինել:
0 Комментарий