Ազատազրկման փորձառություն ունեցող մարդիկ՝ պաշտոնյաների հետ՝ մեկ սեղանի շուրջ (ֆոտոշարք)
Մարտի 15-ին «Միջազգային բանտային բարեփոխումներ»-ի (Penal Reform International) նախաձեռնությամբ Երեւանում կայացավ «Սեղանի շուրջ նստատեղերի ավելացում» թեմայով կլոր սեղան-քննարկումը։
Նպատակն էր քննարկել Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների հիմնախնդիրները՝ ազատազրկման փորձառություն ունեցող մարդկանց եւ հասարակական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մասնակիցների թվում էին նախկին 7 դատապարտյալներ, որոնք պատիժը կրել են տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Նրանք իրենց դիտարկումները ներկայացրին պատկան մարմինների ներկայացուցիչներին։ Մասնավորապես, քննարկմանը մասնակցեցին առողջապահության նախարարության, քրեակատարողական եւ րոբացիայի ծառայությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քրեակատարողական բժշկության կենտոնի, «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի», ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբից եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մասնակիցներին ողջունեցին Միջազգային բանտային բարեփոխումների Հարավային Կովկասի գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ցիրա Չանթուրիան եւ Միջազգային բանտային բարեփոխումների Եվրոպայի ծրագրի ղեկավար Իդիլ Այդինօղլուն, պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Միջազգային բանտային բարեփոխումների Ծրագրերի զարգացման ղեկավար Ռաուլ Նոլենը առցանց ներկայացրեց սեփական փորձ ունեցող մարդկանց ներգրավման մեթոդը։