Ազգային ժողովի նախագահը մեկնում է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի եւ ՍՀ փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:
Պատվիրակության կազմում 12 հոգի են, այդ թվում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը:
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա
Երեկ՝ հունիսի 2-ին, հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից «FlyOne» ավիաընկերության օդանավով մեկնել է Ֆրանսիա։ Մեկնելիս նա շնորհակալություն է հայտնել ավիաընկերությանն իր կյանքը փրկելու համար: Ավելի ուշ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է որ Փարիզի իր տանն է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։ Ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ էլեկտրասրտագրություն է անցել, պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։
Նիկոլյանի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունները եւս ուզում են իրեն ոչնչացնել, քանի որ իր ճշմարտությամբ ինքը խանգարում է տարբեր կոռումպացված ու քրեականացված կուսակցություններին։ Նա նաեւ հայտնել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել։
Ըստ Լեո Նիկոլյանի՝ իր պայքարը լեգիտիմ է եւ ինքը շարունակելու է այն մինչեւ իր կյանքի վերջին օրը։
«Ես պատրաստ եմ մեռնել իմ հայրենիքի համար»,-ասաց լրագրողը` ավելացնելով, որ ունի երեք հայրենիք՝ Հայաստան, Լիբանան, Ֆրանսիա։ «Պատրաստ եմ մեռնելու Ֆրանսիայի համար, բայց ոչ Մակրոնի համար»,-նշեց նա։
Նշենք, որ ապրիլի 23-ից ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Այդ օրվանից նա հացադուլ էր հայտարարել։
Սրբազան շարժման մասնակիցները կլինեն քննչական կոմիիտեի շենքի մոտ
Հունիսի 3-ին` ժամը 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե․ երեկ՝ հունիսի 2-ին հայտարարեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ սրբազանը։
«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում եւ ժամը 10:00-ին բարձրանանք Քննչական կոմիտե։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք գործելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է առաջիկա անելիքներին, ապա շարժման առաջնորդը հայտարարեց, որ պլանավորում են գնալ Վանաձոր, Վարդենիս, նաեւ՝ Սյունիքի մարզ են ցանկանում այցելել:
«Տավուշից սկսած մինչեւ Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու։ Այս մարդիկ իրենց հակաօրինական սադրանքները չեն սահմանափակելու միայն սոսկ Տավուշով ամփոփելու»,-ասաց նա:
Ըստ Բագրատ սրբազանի՝ այս շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։
«Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի դեպի հաղթանակ տանող կարեւոր հանգրվանը»,-ասել է Սրբազանը։
Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր բնակչության կարիքները. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ հունիսի 1-ին և 2-ին կատարված և կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արամ Ղազարյանը նախ նշեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում միջպետական Մ6 ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում, որն ամբողջությամբ արդեն մաքրվել է: Ճանապարհի վնասված հատվածների վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ և Ալավերդի համայնքում՝ դեպի գերեզմաններ տանող ճանապարհին:
«Բնական աղետից տուժած մեր մյուս յոթ բնակավայրերի համար կառուցվել է այլընտրանքային խճապատ ճանապարհ, որից կարող են օգտվել ամենագնացներն ու բեռնատարները: Այդ ճանապարհը հընթացս բարեկարգվում է, որպեսզի օր առաջ ավելի հասանելի լինի բնակիչների համար: Փրկարարների մասնակցությամբ մաքրման զգալի աշխատանքներ են կատարվել Քարկոփ գյուղում, Ալավերդու Թումանյան փողոցում և Սանահին կայարանին մերձակա հատվածում, որտեղից հանվել է հսկայածավալ տիղմ և աղբ: Քարկոփում բնակիչների հետ հանդիպել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը»,- ասաց Լոռու մարզպետը:
Նա տեղեկացրեց նաև գույքագրման աշխատանքների ընթացքի մասին՝ հավելելով, որ վնասի ծավալները բավականին մեծ են, հետևաբար, գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել:
«Պարոն Սանոսյանը, Ալավերդու համայնքապետն ու ես երեկ հանդիպել ենք նաև Շամլուխի և Ախթալայի բնակիչների հետ՝ ներկայացրել կատարվող և կատարված աշխատանքները: Բոլորի ցանկությունն էր օր առաջ անխափան օգտվել Ախթալայի վերականգնվող կամրջից: Աշխատողներին տրվել են հանձնարարականներ, որպեսզի սեղմ ժամկետում լուծվեն բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Պետական գերատեսչությունների համատեղ ջանքերով իրականացվում են զգալի աշխատանքներ, որոնց վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն տեղեկատվական կենտրոնում կազմակերպվող ասուլիսների ընթացքում»,- ասաց Ղազարյանը: