Ազգային ժողովը հուլիսի 8-ի արտահերթ նիստում շարունակեց քննարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Արթուր Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իր համար պարզ էր,` նոյեմբերի 9-ից հետո Արցախից հետո մյուս թիրախը լինելու էր Սյունիքը։ «Եվ ես ստանձնեցի պարտավորություն՝ պայքարելու այս խայտառակ պարտվողական քաղաքականության դեմ։ Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական ձախողումներից հետո մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին եւ պայքարներին մասնակցել եմ իմ ամբողջ ներուժով։ Դրա մեջ դրել եմ իմ սիրտն ու հոգին։ Ցավն այն է, որ մեր յուրաքանչյուր պայքարի պարտության առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դա իրենք նույնիսկ արել են հրապարակային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատի գերեզմանին գնալու հնարավորություն ունենային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին»,-ասաց նա։
Երբ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով Երեւան շարժվելու մասին, պատգամավորի խոսքով՝ ինքն անմասն չմնաց։ Միացավ աահմանազատման եւ սահմանագծման խայտառակ միակողմանի գործընթացի ընդվզմանն ու համազգային Սրբազան պայքարին։
«Օրվա իշխանությունները շատ լավ են հիշում՝ 2024 թվականի մայիսի 9-ի հանրահավաքը, դա հանրահավաք էր, որից իրենց վախը հերթական անգամ դարձավ անսահման։ Ես այդ օրը գիտեի, որ իրենց վախերը հաղթահարելու համար պետք է անեն այն, ինչ անում են շուրջ 7 տարի՝ քրեական գործեր, կալանքներ։ Այս անգամ իրենք սպասեցին ավելի երկար, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Ըստ պատգամավորի՝ մենք աննախադեպ բռնապետության բաստիոնում ենք ապրում, այստեղ ամեն ինչ նախապես որոշված ու հաստատված է։ «Հակառակվելու դեպքում պետք է պարզապես հարցնել Հովիկ Աղազարյանին, ինքը լրիվ կասի, թե ձեր հետ ինչ կլինի։ Եկել եք, որոշել եք կալանավորեք, կալանավորեք, ձերը էդ ա, կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը։ Մերը պայքարելն է, թասիբն ու պատիվն է»,- հայտարարեց Արթուր Սարգսյանը։
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ մասնավորապես նշեց, որ իշխանությունները նույնիսկ նվազագույն շնորհք չունեն՝ անմեղության կանխավարկածը հարգելու․ «Մեղադրանքն իբր ահաբեկչության նախապատրաստմանն է վերաբերում, ոչ թե ահաբեկչության փորձ, այլ նախապատրաստություն։ Պաշտոնապես ասում եմ, սիրելի հայրենակիցներ, պարզ ճակատով ասում եմ՝ չկա նման բան, չի եղել նման բան եւ չի կարա լինի որեւէ ապացույց նման երեւույթի մասին։ Մենք դուրս ենք եկել այս իշխանությունների դեմ պայքարի եւ նույնիսկ ձեր մոնտաժված ձայնագրություններից էլ պարզ է, որ մենք ձեզ հեռացնելու ենք օրենքով, չարգելված միջոցներով։ Եվ վստահ եմ՝ դա լինելու է, մեր ժողովուրդը դա տեսնելու է։ Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ոչ մեկից հայացք չեմ փախցնում, որովհետեւ ես Արցախ չեմ հանձնել, ես չեմ ճանաչել Արցախը ինչ-որ Ադրբեջանի կազմում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ մի բան չեմ մուրացել։ Ես թասիբով հայ տղամարդ եմ, ով արդեն հասցրել է ապօրինի կալանավորվի։ Ոչինչ, թող էլի լինի, բայց դուք սաղ կյանք հիշելու եք՝ ինչքան փորձանք ու փորձություն, ինչքան ամոթ ու դժբախտություն եք բերել մեր հայրենիք»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորի ելույթը aravot.am-ի տեսանյութում։
Վերջում Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու , կալանավորման որոշումն էլ կա. «Ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ գնամ, իմ անչափահաս 4 երեխաների, տիկնոջ հետ գնամ եկեղեցի, մոմ վառեմ ու գնամ քննչական։ Ցտեսություն։ Գնացինք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»։
Սրանից հետո պատգամավորը դուրս էր գալիս դահլիճից, երբ կառավարող ուժի կողմից ռեպլիկներ հնչեցին։ Կրքերը թեժացան, լեզվակռիվ սկսվեց, հետո ձեռնամարտ։
0 Մեկնաբանություն