Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետեւանքով 4 զինծառայողների մահվան եւ 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի եւ դրա պատճառների վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում։ Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։
Դրանից հետո վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին եւ փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։
Նույն կանոնակարգի պահանջների համաձայն, մեքենան տեղից շարժելը թույլատրվում է միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այս պահանջի խախտմամբ ավտոմեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել եւ չի տաքացվել, այլ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետեւանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով դրանում գտնվող զինծառայողների մահվան եւ վնասվածքներ ստանալուն։ Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի:
Պարզվել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին եւ ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչեւ 2022 թվականը։ Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, եւ այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները՝ անտեսելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ՀՀ զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության կանոնագրքի, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։ Մասնավորապես՝ տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաեւ՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետեւանքով, չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նշված պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է:
2024թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետեւանքով 4 զինծառայող մահացել էր, եւս 19 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց:
Պարզվել է Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների ինքնությունը․քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 27-ին Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, հաղորդում է Shamshyan.om-ը:
Քրեական վարույթի շրջանակում իրավապահները պարզել են մահացածների ինքնությունը: Նրանք են՝ Իրանի քաղաքացիներ Ամջադի Սեյեդ Մանսուրը, Մահբուբսասանսարա Կատայոն Ռեզան, Նադեր Առաշ Ջաֆարը, Մեհրադ Յուսիեւը, Արաշ Նադերը:
Իսկ վիրավորներն են՝ Իրանի քաղաքացիներ Ֆարզադ Սաբերի Ազիմիդիզաջին, Մահրուդ Չոչարին, Ալի Նուրին, Ֆահիմե Էսմայելին, Փեիման Աքբարին, Սամա Բազմարան, Շահանդուխտ Յուսուֆին, Մեհդի Զախարին եւ Արցախի Հանրապետության քաղաքացի Էդմոնդ Բաբաջանյանը:
Կայքի տեղեկություններով՝ տեղի ունեցածի պատճառը ոչ թե ճանապարհատրանսպորտային պաահարն է, այլ աշխատանքային կանոնների ոչ պատշաճ, թերի կատարումը, քանի որ ավտոբուսը վարելիս են եղել 2 վարորդներ, եւ 1-ը երբ հոգնել է, մյուս վարորդն է փոխարինել, ում կողմից էլ չի պահպանվել ավտոմեքենա վարելու կանոնները, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է նաեւ ավտոտեխնիկական փորձաքննություն, իսկ եթե պահպանվեր կանոնները, ապա ավտոմեքենան չէր բախվի երկաթե արգելապատնեշներին ու չէր հայտնվի ձորում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռեւս անհայտ հանգամանքներում գլորվել եւ կողաշրջված վիճակում հայտնվել էր ձորում։
Վթարի հետեւանքով 5 հոգի տեղում մահացել էին, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին եւ հարակից օրինագծերի փաթեթին:
Ըստ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ փոփոխությունների հիմքում դրված են մի շարք նպատակներ, մասնավորապես, շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգում ձեւավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը:
«Ընդհանուր համակարգ ասելով նկատի ունենք ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտներին: Երկրորդ, շրջանառության հարկ վճարողների ձեռբքերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձեւավորումը, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդումը, գործունեության որոշ տեսակների դուրսբերումը միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից, դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական»,-ասաց նախարարը:
Նա նկատեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի. «Համեմատվել են երկու համակարգերում հարկային բեռը եւ պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգում հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է, այն գերազանցում է 2-3 անգամ:
«Այս նախագծերով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը եւ կրճատել հարկման համակարգերի միջեւ հարկային բեռի տարբերությունը: Մասնավորապես գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հրկի դրույքաչափերը, հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաեւ արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում: Հնարավորություն ստեղծել, որ ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափն է»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:
Բացի այդ, նրա խոսքով, առաջարկվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես, սահմանել, որ նոտարական, փաստաբանական եւ վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում:
Կիրանց- Խեյրեմլի գյուղերի հատվածում իրականացվում է ականազերծում․ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Տավուշում ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի եւ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Լեւոն Քոչրյանի օգնականը կալանավորվեց․ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերեւույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civik.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լեւոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է ՀՀ ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լեւոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Դավիթ Լեւոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է եւ անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին եւ, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։
Այնուհետեւ Ա.Ս.-ն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները եւ հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտելով Դավիթ Լեւոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Դատարան ներկայացնելու նպատակով նրան ձերբակալելու որոշում է կայացվել, եւ տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։