Փոխգործակցված աշխատանք ի շահ Սյունիքի
Սյունիքում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող ծրագրերը կատարվում են բարձր որակով ու արդյունավետ։ Նման տեսակետ հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Ռոբերտ Ղուկասյանը՝ մայիսի 8-ին, պաշտոնական ճաշի ժամանակ շնորհակալություն հայտնեց մարզում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ եւ Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
Գորիսում կայացած հանդիպմանը քննարկվեցին նաեւ մարզի համար կարեւոր առաջնահերթություններ ունեցող ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաեւ ՄԱԶԾ-ի ու մարզային իշախանության միջեւ ավելի փոխգործակցված աշխատանքի պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ի շահ Սյունիքի բնակչության։
Լուսանկարները Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի
Սիսիան-Քաջարան 118 կմ–ոց ճանապարհը կկրճատվի
Կառավարությունը մայիսի 8-ին կայացած նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին:
ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝
27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,
8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,
24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 :
«Առկա 118 կմ ճանապարհը կկրճատի, կդարձնի 60 կմ՝ Քաջարանից մինչեւ Սիսիան: Բացի այդ, առկա 50 կմ/ժամ արագությունը կդարձնի 100 կմ/ժամ: Ամբողջովին այլ որակի ճանապարհ եւ ենթակառուցվածք կունենանք իր տնտեսական, տուրիստական եւ այլ առումներով»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը:
Նախարարը նաեւ նկատեց՝ ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 միլիոն եվրո է, որից ՎԶԵԲ-ի հետ 236 միլիոնի համար է նախատեսվում կնքել համաձայնագիր: