Բագրատ սրբազանը շարժվում է կառավարակամ ամառանոց՝ հանդիպելու վարչապետ Փաշինյան
Այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել, հսկայական ոստիկանական պատնեշներով ինքնապաշտպանվել։ Հրավիրում եմ՝ որ գաս այս ժողովրդին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաեւ որպես տղամարդ: Եթե երբեւէ չես գալու, բնականաբար, սպառված իրավական լեգիտիմությամբ զուգահեռ վաղուց նշանակել ես, բայց հիմա առավելեւս շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմությունը էլ չունես: Երբ ինքնիշխանության մասին ես խոսում, ուզում եմ հարցնել՝ կարո՞ղ է որոշումներդ դու չես կայացնում, ուրիշ տեղից են կայացնում, ուրիշ տեղերից են թելադրում, թելադրում են սեփական ժողովրդիդ ահաբեկել, ծաղրել: Հետեւաբար, այս հրապարակից մենք ընթանալու ենք, ես գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպելու քեզ»,-ասաց նա:
Մինչ այդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ Գարեգին Բ-ին խնդրել է դադարեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը։
Վեհափառ հայրապետին խնդրել եմ իմ 30- ամյա հոգեւոր ծառայությունը սառեցնել. Բագրատ սրբազան
«Անկեղծորեն ասած, չգիտեմ նույնիսկ ինչ ասել: Ես չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, վաղն էլ չունեմ ո՛չ այդ պաշտոնի, ո՛չ էլ մնացած աստիճանների ակնկալիքը»,- մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն հենց ինքն է:
«Այս շարժումը սկզբնավորված մեր սահմանագոտուց ստի դեմ եւ հանուն ճշմարտության բերեց հասցրեց մեր Տիրոջ օրհնությամբ: Իմ կյանքում չեմ խուսափել որեւէ պատասխանատվությունից, ստանձնել եմ սխալների դեպքում ընդունել, անդրադարձել, եւ փորձել սրբագրել կամ հեռանալ, բարիքի դեպքում տարածել իմ շուրջ գտնվող ժողովրդի վրա որպես նրանց ձեռքբերումն այս կյանքում:
Այս իմաստով նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, անկեղծ լեզուս էլ չի պտտվում ասել, վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգեւոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում եւ ընթացքում նդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգեւոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան: Այդ պատճառով ես Վեհափառ հայրապետին եւ իմ հոգեւոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգեւոր ծառայությունը սառեցնել, եւ իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար: Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան հայրենիքի, պետության զոհասեղանին»,-ասաց նա:
Կառավարության շենքի դիմաց ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված՝ զինված վահաններով․ կմեկնարկի հանրահավաքը
Ըստ News.am-ի՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված: Նրանք զինված են վահաններով եւ մի քանի շարքով փակել են կառավարության շենքի մուտքը։ Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հանրահավաքը։
Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հանրահավաքին ընդառաջ ստանում են Շարժման աջակիցների, կամ Շարժման հրավիրած հավաքների մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների նոր ալիքի մեկնարկի մասին վկայող տեղեկություններ:
«Արտահերթ ստուգումներ եւ քննչական գործողություններ են մեկնարկել Շարժման աջակիցներին պատկանող բիզնեսներում, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսել են այցելել մեր աջակիցների եւ նրանց հարազատների տներ` անհարկի անհանգստություն պատճառելով մեր քաղաքացիներին»,-նշված է հայտարարության մեջ:
Արդեն այսօր ուղերձով է հանդես եկել Բագրատ Սրբազանը, ով նախ իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել Լոռիի եւ Տավուշի բնակիչներին, որոնք տուժել են ավերիչ ջրհեղեղից, ապա նշել, որ նախատեսված հանրահավաքը կկայանա. «Մենք օրակարգից շեղվելու առիթ եւ պատճառ, որպես այդպիսին, չունենք»,-ասել է նա:
Լոռու մարզում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ պետական ու ՏԻՄ մարմինները իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ. վարչապետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզից գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։
«Լոռու մարզում ենք։ Աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»,-նշել է վարչապետը։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել հասարակական կարգը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է մայիսի 26-ին նախատեսված հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել հասարակական կարգը: «ՆԳՆ ոստիկանությունը հետեւողականորեն շարունակում եւ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը:
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին եւ կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները եւ ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, եւ հակաօրինական ցանկացած դրսեւորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Լոռու եւ Տավուշի մտարբեր բնակավայրերից տարհանվել է 190, փրկարարները փրկել են 73 մարդո
Ըստ օպերատիվ դրության որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում Լոռու եւ Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190, փրկարարները փրկել են 73 մարդու: Այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարությունը։
Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել 1 անձը չպարզված քաղաքացու դի:
ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն:
ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»: Անհրաժեշտ եւ հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել:
Ներկա պահին Փրկարար ծառայության ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար:
Հորդորում ենք հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը, զերծ մնալ չճշտված եւ խուճապ առաջացնող լուրեր, միաժամանակ մանիպուլյացիոն նյութեր եւ ապատեղեկատվություն տարածելուց:
Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է աղետի գոտի
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ եւ ՏԿԵՆ զեկույցները եւ ուղեւորվել աղետի գոտի։
«Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,- գրել է Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:
ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ներքին Հանդում էր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի եւ բնակիչների հետ:
Քննարկվել են մարդկանց իրավունքներին վերաբերելի եւ հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:
Մասնավորապես, անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը, նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաեւ գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու հետ կապված եւ մի շարք այլ հարցերին:
Քաղաքացիները Պաշտպանին մտահոգություններ են հայտնել, որ ադրբեջանական զինվորականների ներկայության հետեւանքով շարունակում են խախտվել նրանց` անվտանգ պայմաներում ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող` անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է բնակիչներին, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնային ուղղություններից է: Իր մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում տալու նպատակով:
Պաշտպանի եւ աշխատակազմի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող փաատահավաք աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի՝ 16 մլն դրամ ծրագրի շահառուներին կհատկացվի եւս 5 մլն դրամ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը նախ եղել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո պատասխանատուները տեղում ներկայացրել են սահմանազատումից հետո ԱԱԾ Սահմանապահ ծառայության ծառայողների տեղակայման աշխատանքների ընթացքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ ուղեկալ, ծանոթացել ծառայության ընթացքին եւ ուղեկալում առկա պայմաններին: Նշվել է, որ ուղեկալը ժամանակավոր կառույցում է տեղակայվել, առաջիկայում նախատեսվում է կառուցել ուղեկալի նոր շենք:
Այնուհետեւ վարչապետը եղել է Կիրանցում կառուցվող նոր դպրոցում, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, որից հետո՝ զրուցել բնակիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Բաղանիսի եւ Ոսկեպարի բնակիչներին, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին, պատասխանել հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կհասցեագրի բոլոր խնդիրները եւ դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ:
Հայաստանի վարչապետն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով կառավարության կողմից 16 մլն դրամ հատկացնելու ծրագրին: Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի այն բնակիչներին, որոնք կդառնան 16 մլն դրամ ծրագրի շահառու, եւս 5 մլն դրամ կհատկացվի, այդ թվում՝ արդեն ծրագրից օգտվողներին: Վարչապետը հույս է հատնել, որ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում կյանքն այդ գյուղերում կզարգանա, մարդիկ նոր տներ կկառուցեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի ունեցածը մեծ հաջողություն է, եւ Կառավարության նպատակներից է ստեղծել անվտանգության երաշխիքներ սահմանազատման միջոցով: Վարչապետը նշել է, որ ամեն ինչ արվելու է գործընթացը շարունակելու համար:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաեւ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի եւ Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարեւորել է որակյալ եւ ժամանակին իրականացումը եւ պատասխանատուներին տվել հանձնարարականներ:
Օպերատիվ շտաբը գլխավորելու է Գնել Սանոսյանը․ վարչապետի որոշումը
Հորդառատ անձրներիից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երեւանում, ինչպես նաեւ Դեբեդ, Աղստեւ, Տաշիր գետերի վարարման հետեւանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ:
Այն գլխավորելու է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:
ՏԿԵ նախարարությունն առաջարկում է այլընտրանքային ճանապարհներով երթեւեկել․ Գնել Սանոսյանը աղետի վայրում է
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն․
«Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։
Ստորեւ ներկայացնում ենք փակ ճանապարհները եւ առաջարկում այլընտրանքային երթուղիներ.
Փակ երթուղիներ՝
- Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
- Դիլիջան – Իջեւան
Այլընտրանքային երթուղիներ՝
Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
- «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երեւան
- «Բավրա մ/տ» - Գյումրի – Երեւան
Հայաստանի ներհանրապետական երթուղի
- Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սեւան-Երեւան
Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են եւ ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները»:
Անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրեւների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։
Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։
Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից եւ վարչական վարույթների հարուցումից։
Ճանապարհների վիճակի կարգավորվելուն պես՝ Կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի, միաժամանակ, կարող եք հետեւել լրահոսին։