Մայիսի 10-ից՝ անհնազանդության ցույցեր, դասադուլ, գործադուլ
Վաղվանից` մայիսի 10-ից, առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ: Այս մասին հայտարարեց մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, եւ բոլորին, բոլորին, մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։ Առանց որեւէ ագրեսիայի, որեւէ բանի, մի քանի օր ընդամենը, երկու-երեք օր, ավելի չէ։ Մարզերի մեր ժողովրդին, այս գիշեր հետ գնացեք, այնտեղ եւս գործողությունների շարք սկսեք եւ ամբողջ հանրապետության տարածքում պետք ա էդ ճնշումը լինի: Մարդիկ ուզում են, որ այդ ճանապարհով լինի, պետությունը ցնցումների մեջ գցեն, ուրիշ ճանապարհ չեք թողնում»,- ասաց նա:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ազգային ժողովում սկսելու են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ-ի ֆլեշմոբը
Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո ՔՊ-ական պատգամավորները ֆլեշմոբ են սկսել, նրանք տեղադրում են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ նույնաբովանդակ գրառումներ անում:
Մասնավորապես, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրել է.
«Մեր պատասխանը՝ Բագրատին
ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան
Կեցցե´, ժողովրդավար ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»:
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի հակիրճ է գտնվել՝ միայն նշելով. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյնը եւս գրառում է արել. «ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»:
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասայանը եւս միացել է «ֆլեշմոբին»՝գրելով,. «ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»:
Նիկոլ Փաշինյանի նկարը ֆեյսբուքում հրապարակել են նաեւ ՔՊ-ական պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Վահագն Ալեքսանյանը:
Մեկ ժամ Նիկոլ Փաշինյան՝ հրաժարական տալու համար
Տավուշ մարզի Կիրանցից մայիսի 5-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին հասավ Երեւան։ Նախապես հայտարարվել էր, որ հանրահավաք է հրավիրվելու Հանրապետության հրապարակում:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանը հանրահավաքը սկսեց ներկաների հետ Հայաստանի Հանրապետության օրհներգը երգելով: Այնուհետեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ միասին բոլորն աղոթեցին:
«Մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու եւ ասելու, որ ոչինչ ու ոչ ոք՝ երկնքում եւ ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ եւ ոչ պետություններ, որեւէ տեսակի ուժ չի կարող հայոց հոգին՝ փառավոր հոգին, ընկճել»,–ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն ու գնահատանք հայտնելով շատերին՝ անհատներին, շարժումներին, կուսակցություններին:
Ըստ նրա՝ շարժումն առաջին հաղթանակն է գրանցել՝ սահմանազատման գործընթացի շրջանակում տեղադրվող սահմանային սյուների հետ կապված: «Առանց որեւէ խոչընդոտի ուզում էին սահմանագծման, այսպես կոչված, քարերը դնել: Երեկ լուր ստացանք, որ սահմանագծման այդ վերջին 3 քարերը չեն դրվել: Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ շնորհիվ այս ժողովրդի պայքարի: Եվ այդպես լինելու է բոլոր հանգրվաններում»,–ասաց Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանը:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաեւ հայտարարեց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ շեշտելով, որ պատրաստ է այդ հարցով հանդիպել վարչապետի հետ։
Վարչապետին նա մեկ ժամ տեւեց հրաժարականի համար։
Լուսանկարները CivilNet-ի ֆեյսբուքյան էջից
Սպիտակ հանդերձանքով Բագրատ սրբազանը դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ( տեսանյութ)
Մայիսի 9-ին, դեպի Երեւան երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադարձավ ԱԱԾ-ի, ոստիկանության, քննչական կոմիտեի նախազգուշացում-հորդորներին։ Ուժային կառույցները կոչ են արել չդիմել անօրինական, սահմանադրական կարգին սպառնացող գործողությունների: «Ես չգիտեմ՝ ինչու են նման բան հայտարարել, այստեղ սահմանադրական կարգին սպառնալիք կա՞։ Երեւի գործ է, անում են»,-ասաց Բագրատ սրբազանը։
Հարցին՝ ինչու են գնում Հանրապետության հրապարակ, նա պատասխանեց. «Մենք պատասխան ունենք ստանալիք, պետք է ստանանք: Այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանն ստանալու»:
Սրբազանի խոսքով՝ իրենց սպիտակ հագուստը հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդն ունի. «Մենք այդպես ենք սկսել՝ առանց գույնի եւ բոլոր գույներով:
Ցավոք սրտի, այս մարդիկ այնքան գաղափարից զուրկ են, այնքան մոլորեցնող են, այնքան ստախոս են, որ նույնիսկ սահմանը չկա: Մենք եկել ենք խաղաղ, հանգիստ, առանց ագրեսիայի, այսքան օրերին դուք որեւէ ագրեսիա, որեւէ կոչ տեսե՞լ եք: Մենք ասել ենք, որ գալիս ենք խպատասխան ստանալու: Կտան այդ պատասխանը՝ կտան: Մնացածը դատարկաբանություն է, մեղք են իրենք, ամոթ է»,-ասաց նա:
Ի՞նչ է լինելու եկեղեցու հետ, եթե այս շարժումը չհաջողի։
«Հիմա դրա ժամանա՞կն է: Եթե երկիրդ օրհասական վիճակում է, ժողովուրդդ ստորացած, նվաստացած, ամեն տեղից ելնողը քեզ պարտադրում է, թելադրում է, մեզ ի՞նչ է մնացել ասելու: Ասելու՝ ձեր զուրը եւ մեր պարանո՞ցը: Մենք հանգիստ, խաղաղության ու հաշտության կոչով, ներելու պատրաստ, հաղթանակի տեսիլքով: Ես բախումների վտանգ չեմ տեսնում, ինչու պետք է բախում լինի: Ես իրենց խորհուրդ կտամ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալուց եւ տուն գնալուց: Եթե որեւէ բախում տեղի ունեցավ, պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է եւ իրենք են մեղավորը: Ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որեւէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որեւէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկտմամբ: Դա լինելու է ձեր չգիտեմ ինչը»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը դիմելով ՀՀ ներքին գործերի նախարարին․
–Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ ձեզ, դուք էլ՝ ինձ: Որեւէ ձեւով անօրինական որեւէ հրաման, հրահրում, առաջին պատասխանատուն դուք եք լինելու եւ ձեր անմիջական ղեկավարը: Բավական է: Դուք շատ լավ եք ինձ ճանաչում:
Եթե սա ձերզ համար կյանքւ ու մահվան պտերազմ է ժողովրդի դիմաց, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի եւ պատվի երթ, շրժ ու պայքար է: Ցավոք սրտի, սա դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ։
Տեսանյութը aravot.am-ի
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել
Ըստ Shamshyan.com-ի, մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել։
Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երեւանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել:
Ոստիկաններն այնուհետեւ մեկնել են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերել են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվում,որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ:
«Թո՛ղ միասնության եւ համերաշխության ոգին առաջնորդի մեզ» ․ Սյունիքի մարզպետը Գորիսում հարգանքի տուրք է մատուցել (ֆոտոշարք)
Աշխատանքային այցով Գորիսում գտնվող Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին։
Նրանք, Սյունիքի մարզպետի տեղակալ ՆարեՂազարյանը, մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանը, Նվարդ Հարությունյունը, ՀՀ ՊՆ հատուկ կորպուսի հրամանատարը՝ բազմաթիվ գորիսեցիների եւ հյուրերի հետ ծաղիկներ են դրել նաեւ արցախյան գոյամարտում զոհվածների շիրիմերին։
Ռոբերտ Ղուկասյանը ավելի վաղ՝ իր ուղերձում շնորհավորել է բոլորին՝ Մայիսի 9-ի կապակցությամբ։ «Այսօր մեր խոնարհումն ու նրանց հիշատակի հանդեպ հարգանքը, ովքեր իրենց զոհել են հանուն հայրենիքի Մեծ հայրենականում ու հանուն Հայաստանի Հանրապետության գոյության համար կերտած հաղթանակներում։
Փա՛ռք վետերան մեր պապերին ու հավե՛րժ փառք նորանկախ մեր պետականությունը պաշտպանելիս հերոսացած հայորդիներին։
Այսօր մեր պարտքն է նաեւ վերահաստատել հանձնառությունը՝ պաշտպանելու այն արժեքները, որոնց համար նրանք պայքարել են, ոչ միայն տոնելու հաղթանակը, այլեւ խորհելու խաղաղության կարեւորության մասին։
Մեր նախնիների` 20-րդ դարակեսին ունեցած ու նոր սերնդի` 1990-ականներին ամրագրած հաղթանակները պարտավորեցնող են, ուսուցանող ու ոգեշնչող եւ օգնում են չկոտրվել, հավատալ մեր ուժին ու հավաքական իմաստնությանը, հասկանալ, որ հաղթանակել, այս բառի բոլոր իմաստներով, կարղ ենք միշտ, եթե միասնական ենք ու հայրենիքի շահը վեր ենք դասում անձնական ամեն ինչից։
Խաղաղությո՛ւն մեր հայրենիքին ու բարեկեցություն բոլորիդ։ Թո՛ղ միասնության եւ համերաշխության ոգին առաջնորդի մեզ», -մասնավորապես նշված է ուղերձում։
Ոչ միայն տոնել հաղթանակը, այլեւ խորհել խաղաղության կարեւորության մասին․ Ռոբերտ Ղուկասյան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղերձը Մայիսի 9-ի կապակցությամբ
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Հաղթանակի եւ խաղաղության տոնն է․ շնորհավորում եմ բոլորիս ու Մայիսի 9-ին համահունչ` մաղթում խաղաղություն եւ հաղթանակներ ամեն բնագավառում ու մեր հայրենիքին զարգացում բերող բոլոր ոլորտներում։
Մեծ հայրենականում տարած հաղթանակի 79-ամյակը նաեւ մեր հաղթանակն է, որովհետեւ հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել դրանում ու ողջ մարդկության համար չարիք ֆաշիզմի դեմ պայքարում։
1945-ի հաղթանակի կերտմանը մասնակցել են հազարավոր հայորդիներ, նրանց մեջ նաեւ` բազում սյունեցիներ, որոնց գրեթե կեսը տուն դարձավ․․․
Պատերազմում ունեցանք նաեւ հերոսներ, որոնց օրինակով դաստիարակվեցին սերունդներ, սովորեցին սիրել հայրենիքը, անձնուրաց նվիրվել հայրենի հողին։ Նրանք ոգեշնչման աղբյուր դարձան մեր հաջորդ հաղթանակների համար, որ ունեցանք արդեն 1990-ականներին` ամրագրելով ինքնիշխան, ազատ ու պետականություն ունեցող Հայաստան ունենալու իրավունքը։ Մեր նախնիների խիզախությունը լուսավորեց նաեւ հետագա դժվարին ժամանակները եւ ճանապարհ ցույց տվեց ապագա սերունդներին` ավելի լավ, անկախ ու խաղաղ երկիր ունենալու համար պայքարում։
Այսօր մեր խոնարհումն ու նրանց հիշատակի հանդեպ հարգանքը, ովքեր իրենց զոհել են հանուն հայրենիքի Մեծ հայրենականում ու հանուն Հայաստանի Հանրապետության գոյության համար կերտած հաղթանակներում։
Փա՛ռք վետերան մեր պապերին ու հավե՛րժ փառք նորանկախ մեր պետականությունը պաշտպանելիս հերոսացած հայորդիներին։
Այսօր մեր պարտքն է նաեւ վերահաստատել հանձնառությունը՝ պաշտպանելու այն արժեքները, որոնց համար նրանք պայքարել են, ոչ միայն տոնելու հաղթանակը, այլեւ խորհելու խաղաղության կարեւորության մասին։
Մեր նախնիների` 20-րդ դարակեսին ունեցած ու նոր սերնդի` 1990-ականներին ամրագրած հաղթանակները պարտավորեցնող են, ուսուցանող ու ոգեշնչող եւ օգնում են չկոտրվել, հավատալ մեր ուժին ու հավաքական իմաստնությանը, հասկանալ, որ հաղթանակել, այս բառի բոլոր իմաստներով, կարղ ենք միշտ, եթե միասնական ենք ու հայրենիքի շահը վեր ենք դասում անձնական ամեն ինչից։
Խաղաղությո՛ւն մեր հայրենիքին ու բարեկեցություն բոլորիդ։ Թո՛ղ միասնության եւ համերաշխության ոգին առաջնորդի մեզ»:
Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Հարգելի՛ քաղաքացիներ,
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
ՀՀ ԱԱԾ-ն զգուշացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը եւ չոտնձգել իրավակարգի դեմ։
Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հիշեցնել
«Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության եւ դրա մասնակիցների կողմից հանրապետության տարբեր մարզերում իրականացված բողոքի ակցիաների ընթացքում դրանց առանձին աջակիցների մասնակցությամբ արձանագրվել են առերեւույթ՝ քրեական օրենքով արգելված գործողությունների բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ եւ քրեական հետապնդումներ են հարուցվել տասնյակից ավելի անձանց նկատմամբ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ նկատի ունենալով բողոքի ակցիաները շարունակելուն ուղղված հրապարակային հայտարարություններն ու գործողությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում նախազգուշացնելու, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսեւորման արագ եւ կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։ Ակցիաների կազմակերպիչներից եւ մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում, իրավահպատակ եւ պատասխանատու վարքագիծ։
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության» ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասնում է Երեւան
Մայիսի 4-ին Կիրանցից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը մոտենում է Երեւանին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա Երեւան ու պատասխաններ պահանջի եւ պահանջը ձեւակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երեւանում»,-ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Շարժումը, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 16․00-ին համազգային հանրահավաք է հրավիել Հանրապետության հրապարակում։
Ոստիկանությունը հորդորել է խստորեն պահպանել հասարակական կարգը, ԱԱԾ-ն հայտնել է, որ Սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն եւ իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ՀՀ տարբեր մարզերում տեղակայված ՌԴ սահմանապահ ու զինվորական կետերը դուրս կբերվեն
44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ՌԴ սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»,- գրել է Կոնջորյանը: