Կառավարությունը մայիսի 8-ին կայացած նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին:
ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝
27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,
8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,
24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 :
«Առկա 118 կմ ճանապարհը կկրճատի, կդարձնի 60 կմ՝ Քաջարանից մինչեւ Սիսիան: Բացի այդ, առկա 50 կմ/ժամ արագությունը կդարձնի 100 կմ/ժամ: Ամբողջովին այլ որակի ճանապարհ եւ ենթակառուցվածք կունենանք իր տնտեսական, տուրիստական եւ այլ առումներով»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը:
Նախարարը նաեւ նկատեց՝ ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 միլիոն եվրո է, որից ՎԶԵԲ-ի հետ 236 միլիոնի համար է նախատեսվում կնքել համաձայնագիր:
0 Comments