Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը նախ եղել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո պատասխանատուները տեղում ներկայացրել են սահմանազատումից հետո ԱԱԾ Սահմանապահ ծառայության ծառայողների տեղակայման աշխատանքների ընթացքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ ուղեկալ, ծանոթացել ծառայության ընթացքին եւ ուղեկալում առկա պայմաններին: Նշվել է, որ ուղեկալը ժամանակավոր կառույցում է տեղակայվել, առաջիկայում նախատեսվում է կառուցել ուղեկալի նոր շենք:
Այնուհետեւ վարչապետը եղել է Կիրանցում կառուցվող նոր դպրոցում, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, որից հետո՝ զրուցել բնակիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Բաղանիսի եւ Ոսկեպարի բնակիչներին, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին, պատասխանել հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կհասցեագրի բոլոր խնդիրները եւ դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ:
Հայաստանի վարչապետն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով կառավարության կողմից 16 մլն դրամ հատկացնելու ծրագրին: Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի այն բնակիչներին, որոնք կդառնան 16 մլն դրամ ծրագրի շահառու, եւս 5 մլն դրամ կհատկացվի, այդ թվում՝ արդեն ծրագրից օգտվողներին: Վարչապետը հույս է հատնել, որ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում կյանքն այդ գյուղերում կզարգանա, մարդիկ նոր տներ կկառուցեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի ունեցածը մեծ հաջողություն է, եւ Կառավարության նպատակներից է ստեղծել անվտանգության երաշխիքներ սահմանազատման միջոցով: Վարչապետը նշել է, որ ամեն ինչ արվելու է գործընթացը շարունակելու համար:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաեւ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի եւ Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարեւորել է որակյալ եւ ժամանակին իրականացումը եւ պատասխանատուներին տվել հանձնարարականներ:
0 Comments