Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին։
Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարեւորել է ՀՀ ՊԵԿ եւ ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային եւ մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաեւ իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը եւ դրանց հետագա զարգացման կարեւորությունը։
Էդրիան Ֆոզզարդը, իր հերթին անդրադառնալով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ հաստատված երկարամյա համագործակցությանը, նշել է, որ վերջինս որպես մաքսային եւ հարկային ոլորտներում բարեփոխումների հաջող փորձ ունեցող մարմին, կարող է տարածաշրջանի գործընկեր մարմինների համար հանդիսանալ մոդելային օրինակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հարկային եւ մաքսային ոլորտներում իրականացվող ընթացիկ տեխնիկական աջակցության եւ վարկային ծրագրերը, որոնք միտված են այդ ոլորտներում իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը եւ ընթացակարգերի պարզեցմանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացին եւ մաքսային վարչարարության բարեփոխումներին ուղղված ընթացիկ ծրագրերին։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են ստանձնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունակական ընթացքը։
0 Մեկնաբանություն