Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից փետրվարի 28-ի ժամը 05։15-ի սահմաններում հայտնաբերված, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, Հայաստանի Հանրապետության որոշմամբ, կհանձնվի ադրբեջանական կողմին։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու եւ մոլորվելու հետեւանքով:
Որպես բարի կամքի դրսեւորում եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված եւ հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
0 Մեկնաբանություն