ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն եւ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ:
2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանդրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ ձեռնարկել քննչական, վարութային եւ օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության եւ շարժառիթի մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղեւորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների եւ Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջեւ ուղեւորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն եւ ծեծկռտուք։ Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին եւ հետապնդելով` նույնպես ուղեւորվել են քաղաք Աբովյան:
Ժամը 19:00-ի սահմաններում Վ.Մ.-ն ավտոմեքենան կայանել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց, որից հետո շուրջ մեկ տասնյակից ավելի անձինք, խմբի կազմում, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով նաեւ այլ ավտոմեքենաների երթեւեկությանը:
Այնուհետեւ, մոտենալով Վ.Մ.-ի ավտոմեքենային՝ բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը եւ անտեսելով փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայության հանգամանքը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վ.Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ, սակայն վրիպել է:
Վերը նկարագրված գործողությունների արդյունքում տեւական ժամանակ խաթարվել է փողոցի տվյալ հատվածի երթեւեկությունը, խոչընդոտվել հարակից տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը եւ խախտվել ներկա գտնվող մարդկանց անդորրը՝ վերջինների մոտ առաջացնելով վախի եւ տագնապի զգացում:
Նախաքննության ընթացքում Վ.Մ.-ն ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Զննվել է դեպքի վայրը, որտեղից վերցվել է տեսանկարահանող սարքի տեսաձայնագրությունը եւ ենթարկվել զննության, ինչի արդյունքներով պարզվել են ինչպես տուժողին ծեծի ենթարկած անձանց, այնպես էլ՝ նրա ուղղությամբ կրակոցներ արձակողի ինքնությունը, ովքեր, քննության տվյալներով, հանդիսանում են նշված ՍՊԸ աշխատակիցներ եւ Աբովյան խոշորացված համայնքի բնակիչներ:
«Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ դիմապակու վրա հայտնաբերվել են վնասվածքներ, ինչպես նաեւ վերցվել է մեկ կրակված պարկուճ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է։ Վերջինիս, ով հանդիսանում է առերեւույթ կրակոց արձակող անձը, մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մյուս երեքի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մի 1-ին կետով նախատեսված արարքներ առերեւույթ կատարելու համար, եւ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
0 Մեկնաբանություն