Թեհրանում մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցությունները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Ըստ աղբյուրի՝ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդունել են ստորեւ ներկայացված համատեղ հայտարարությունը.
«2024 մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Թեհրան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերիի հրավերով՝ երկու նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարեւոր հարցերը։
Գոհունակությամբ արձանագրելով երկկողմ զարգացող հարաբերությունները՝ կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացման կարեւորությունը եւ փոխգործակցության մակարդակի խթանումը։
Վկայակոչելով փետրվարի 14-15 Թեհրանում կայացած Համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի 18-րդ նիստը՝ կողմերն ընդգծել են դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունում հիշատակվող պայմանավորվածությունների իրագործումը խթանելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարեւորությունը՝ կայուն խաղաղության հասնելու եւ տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։
Այս առնչությամբ երկուստեք կարեւորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։
Կողմերն ընդգծել են երկու նախարարությունների միջեւ տարբեր ոլորտներին եւ տարբեր մակարդակներում կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու կարեւորությունն ու պայմանավորվել են նախարարի տեղակալների մակարդակով հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում առաջիկա վեց ամիսների ընթացքում»։
0 Մեկնաբանություն