«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների եւ այլնի մասին»՝ այսօր՝ մարտի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս, այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, եւ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաեւ արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն:
Սա հարց է, որը պետք է պատասխան ստանա, ես այսօր չեմ ուզում եզրակացություններ անեմ այդ թեմայով, բայց ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող:
Եթե որեւէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, եւ հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են:
Նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, նրանք այդ պատասխանատվության հանդես գալու հնարավորությունն ունեցել են եւ տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ:
Ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք: Կներեք, բայց պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են եւ այլ տրամաբանություն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
0 Մեկնաբանություն