Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն մարտի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ռ․Ղուկասյանը շնորհավորեց դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունեց նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարեւորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։ Մարզպետը նշեց, որ Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ արդյունավետ աշխատանք կա, ու շնորհակալություն հայտնեց մարզում իրականացված ծրագրերի եւ ներդրումների համար։
Դեսպանն ասաց, որ Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարեւոր մարզ է։ Բարձրաստիճան դիվանագետը փոխանցեց նաեւ, որ իր առաքելությունն է շարունակել ամրացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները, եւ ինքը շատ է ուզում, որ ճապոնացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու հայերին։
Նշվեց, որ դրա իրագործման համար լավ սկիզբ կարող է լինել երկկողմ զբոսաշրջության զարգացումը։
Կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին ու քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն ուղղված ծրագրերի (որոնցում դեսպանատունը ներդրում ունի), տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման կարեւորության մասին։
Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
0 Մեկնաբանություն