2024 թ. մարտի 20-ին ինտերնետային Youtube.com կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին եւ ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների եւ իշխանության ներկայացուցիչների հասցեին։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին եւ Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների եւ իշխանության ներկայացուցիչների հասցեին:
Միջնորդությունը բավարարվել է։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
0 Մեկնաբանություն