Ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց աղետալի հետեւանքների, մահվան ելքով վրաերթերի մասին գրել եւ բարձրաձայնել ենք բազմիցս։ Իսկ վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։
Իրողություն, որը երթեւեկության բոլոր մասնակիցներին հուշում եւ պարտադրում է՝ լինել զգոն, ուշադիր եւ պատասխանատու։ Հարգել օրենքը, լինել օրինապահ եւ օրինահարգ, գիտակցել, որ երթեւեկության մեջ օրինազանցությունը անդառնալի հետեւանք տանող ամենակարճ ճանապարհն է։
ՆԳ նախարարությունն այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2024 թվականը հայտարարվել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։
Միայն այս տարվա փետրվարին պարեկները հանրապետության ողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու` 3895 եւ չամրակապված վարելու` 12258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Եվ, այդուհանդերձ, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի, վտանգավոր ոչ միայն իրենց, այլեւ երթեւեկության մյուս մասնակիցների համար։
Երթեւեկության հարգելի՛ մասնակիցներ, վերստին հորդորում ենք՝ օգտվել միայն, վերգետնյա, ստորգետնյա եւ գծանշված անցումներից, հետեւել լուսացույցի ազդանշանին, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը վարել միայն ամրակապված, հակառակ դեպքում հետեւանքները կարող են անդառնալի լինել, ողբերգություն բերել ոչ միայն ձեզ, այլեւ երթեւեկության այլ մասնակիցներին։
0 Մեկնաբանություն