Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երեւանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ.-ն եւ հայտնել, որ ինքը Ազատության պողոտա 1/43 հասցեում իրականացնում է 4 եւ 5-հարկանի բազմաբնակարան շենքերի կառուցում եւ նշված շինարարության հարեւանությամբ՝ փողոցի մյուս կողմում է գտնվում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առանձնատունը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տիգրան Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 25-ին Գ. Բեգլարյանն ու եւս 2 հոգի իրեն հրավիրել են Գ. Բեգլարյանի առանձնատան տարածք, որտեղ տեւական ժամանակ զրույց է տեղի ունեցել նրանց միջեւ ու Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որտեղից ակնհայտ տեսանելի է իր տան անցուդարձը, ինչից հետո իր եւ ընկերության մյուս համասեփականատիրոջ (որը նույն աղբյուրի համաձայն՝ բնակվում է Ամերիկայում) հասցեներին Գ. Բեգլարյանն ու նրա մոտ գտնվող մարդիկ հնչեցրել են հայհոյանքներ, ինչպես նաեւ իր կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ։
Փաստաթղթեր են ձեւակերպվել քրեական ոստիկանությունում, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե՝ հետագայում քրեական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։
Կայքի տեղեկություններով՝ Տիգրան Գ-ն ոստիկաններին հայտնել է որ ինքն աշխատում է «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։
0 Մեկնաբանություն